Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեղենե

Մեր առաջարկած եղանակն աշխարհիս ամեն օրինաց համաձայն է: Պատկառելի dողովույս մեջ ընտրելի երեք փեսացուներեն երրորդն իսկ կրնա փեսայության հույս տածել, ըստ որում հավանական է, որ մեր տարաբնակ եղբայրները համակիր ըլլան իրեն և իրենց քվեներն անոր տան։


Կռոնոս

Ահա այժմ պարզվեցավ խնդիրն։ Ձեր ընտրելին փեսայացնելու համար կը հանդգնիք նվիրադործված օրենք մը ջնջել։ Ահ, կը դողամ։ (Կսկսի դողալ և կուսակիցներն իրեն օրինակին կը հետևին):


Սեղենե

(Ծիծաղելով) Նոր եղանակն հնույն վրա սա առավելությունն ալ ունի, որ նոր է, մինչդեռ հինը հին է։ Եղբայրներ, թողունք նախապաշարումն, մերկանանք հինն ու զգենունք ինչ որ նոր է..․ կը տեսնեք ուրեմն, թե որքան վնասակար է հին եղանակն... կը փութամ ձեր խորին ուշադրության հանձնել սա կետն ևս՝ թե հին եղանակն չհամապատասխաներ ազգային շահուց...


Պիրիգղեն

Կը խնդրեմ Սեղենեեն, նախ՝ որ քիչ մը ավելի շուտ խոսի և ժամավաճառ չընե զմեզ, երկրորդ որ կրկնություններ չընե և թմրություն չպատճառե մեզ։


Սեղենե

(Ժպտելով) Կաղաչեմ, մի՛ ընդմիջեք, խնդիրն բացատրության կը կարոտի։


Կռոնոս

Շուտ խոսե՛, և կրկնություններդ մեկդի նետե՛. կը հասկընամ ձեր միտքն, որ է ժամանակ անցունել և զմեզ խոսել չտված քվեարկության սկսիլ, բայց մինչև երեկո մտիկ չենք ըներ զքեզ։