Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստված մը

Կը վստահացնե՞ս զմեզ, որ չպիտի ծեծվինք։


Դիվան

Այո՛, այո՛։ Երթանք։


ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Թատրոնը կը ներկայե փողոց մը

Մահկանացու մը

(Ձայն բազմացին կոկորդեն բռնելով) Ո՞ւր կը փախչվիս ձեռքես, անզգամ, խոսք տված էիր, որ այսօր ժողովեն ետքը պիտի վճարեիր խահվեներուն գինն, զոր երկու ամիսե հետե խմեցիր, առավոտե մինչև երեկո սրճարանիս մեջ նստելով և ընկերներուդ հետ նարդ խաղալով։


Ձայն բազմաց

Մի՛ պոռար, պիտի վճարեմ, ժողովը շարունակելու համար վար իջանք։


Մահկանացուն

Սուտ կը խոսիս, պարտքդ վճարե։


Ձայն բազմաց

Թող տուր որ ներս մտնեմ, քվես տամ, ստակ առնեմ և պարտքս հատուցանեմ։


Մահկանացուն

Ոչ, ոչ, ոչ, մինչև որ ստակ չառնեմ, չեմ թողուր, որ երթաս։


Ձայն բազմաց

Գիտցիր սակայն, որ այս ընթացքդ խիստ անվայել է և հակառակ հասարակաց կարծյաց։


Մահկանացուն

Հասարակաց կարծիքեն ալ մեկ ոսկի կը պահանջեմ։