Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե մեկն կրնա հանուն աղքատի մը ստակ հավաքել և այդ ստակով յուր քսակն պարարել, թե բարեգործական նպատակի մը համար դյուրությամբ կարող է բազում ոսկիներ հանգանակել և անոնց տոկոսներն գրպանը նետել առանց ամենափոքր կասկած մը հրավիրելու յուր վրա։ Ճանչցնել աշակերտաց այն անձերն, որ տարվույս ամբողջ օրերն հօգուտ ընկերությանց կաշխատին և շատ աղեկ կապրին, նման այն ազգասերներուն, որ գրեթե ամեն օր խեղճերն, անօթիներն, հրկիզյալներն և այլն կը հոգան, հօգուտ անոնց ներկայացումներ տալով։ Վերջապես աշխատիլ աշակերտաց մեջ սա ընդհանուր համոզումն գոյացնել, թե անձնանվիրությունն շահավոր գիտություն մէ։

Հրահանգներ պատրաստել աշակերտաց համար հետևյալ եղանակավ։

(Աշակերտն պարտավոր են կետերուն տեղ մեկ մեկ հատուկ անուն դնել):

... անձնանվիրությամբ երկու քարուկիր տուն շինեց․․․ անձնանվիրությամբ խորհրդո մը անգամ եղավ և ուրիշի մը ժառանգությունն բերավ բուն ժառանգորդներուն ջուր տալով.․․ անձնանվիրությամբ վաճառատուն մը բացավ․․․ անձնանվիրությամբ մեծ դրամագլխո տեր եղավ և այլն, և այլն, և այլն։


Չորրորդ տարի

ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ

Օգտակար և պիտանի գիտություններեն մին է, զոր ամեն մարդ ուսանելու պարտավոր է խաղաղ ժամանակ անցունելու համար։

Այս դասախոսության մեջ ալ դասատուն պարտավոր է կենդանի օրինակներով բացատրել աշակերտաց շողոքորթության շնորհիվ բարձրացած անձերը։ Հայտնապես պատվեր տալու է տղայոց, որ շողոքորթեն և միշտ շողոքորթեն. կանխավ իմացնելու է անոնց, թե առանց շողոքորթության ել և մուտքն հավասարակշռելն անկարելի է, առևտուրի մեջ հաճախորդ գտնելն անհնար է, թե ամենուն մինչև ոտքը խոնարհիչ պետք է բարձրանալու համար, թե մեծատունները միշտ շոյելու է, անոնց քծնելու է, ամենեն փայլուն ածականներն անոնց տալու է, աստվածացնելու է, անմահացնելու է զանոնք թե՛ խոսքով և թե՛ գրիչով։ Եթե անմահաթենեն ավելի բան մուզեն՝ մերմելու չէ, որպեսզի չվշտանան։