Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զգալի օրինակներով համոզել ազգային մանկտին, թե այսօր հրապարակի վրա չկա ապրանք մոր շողոքորթության չափ սպառում ունենա, թե շողոքորթության վաճառականներն միշտ գործ կը գտնեն և բնավ պարապ չեն մնար։ Աշակերտաց ձեռքը քանի մը լրագիրներ տալ և խնդրել իրենցմե, որ շողոքորթություն գտնվող տողերն ստորագծեն, և երբ լրագրույն բոլոր տողերն ստորագրված ներկայացնեն աշակերտք, այն ատեն պատմելու է իրենց այն պարագաները, որոնցմե ստիպված է խմբագիրն շողոքորթության ապավինել։


Հինգերերդ տարի

ԻՐԱՎԱԲԱՆՈԻԹՅՈԻՆ

Փորձով տեսնված է, թե ամենեն տկար փաստաբանն իսկ օրինագրքեն կրնա գտնել միշտ հոդված մոր տրամադրե, թե պարտքը չվճարելու իրավունքն ունի։ Պարտք ընել և զայն չվճարելու իրավունք ունենալ հարստության գլխավոր և անսպառ աղբյուրներ են, հետևապես հարկ է ավելի ժամանակ զոհել այս գիտության ուսման։ Տղայք պարտավոր են պզտիկութենե վարժվիլ պարտք դիզելու և՛ անշարժ և՛ անսասան մնալու իրենց պարտատյարց՝ որք ընդհանրապես խոժոռադեմ և անկիրթ մարդիկ կերևան մեզ՝ սպառնալյաց առջև։ Տղայություն է պարտատիրոջ սպառնալիքեն ազատելու համար չվանով ինքզինքը կախել կամ ատրճանակի հարվածով ինքզինքն անդիի աշխարհ ղրկել։ Պետք է խնդալ, երբ պարտատերն պահանջքն ուզե և պաղ արյունով ըսել, թե՛ իրավունք չունի, բայց իրավունք ունենալու իրավունք չունի, թե օրինագրքին այսինչ հոդվածին տրամադրության հակառակ կը շարժի, թե օրինաց գծած սահմանին մեջ միայն կրնա յուր առնելիքն պահանջել, թե հակառակ պարագային մեջ ծանր պատասխանատվություն կը հրավիրե յուր վրա, թե ամեն մարդ պատիվ ունի, թե ամեն մարդ պարտք ունի և այլն։ Պատիվ պահանջել պարտատերեն, երբ սա յուր առնելիքն պահանջե և գործն այնպիսի վիճակի մը մեջ բերել, որ պատվույդ համար պահանջած գումարդ հավասարակշիռ պարտուցդ գումարն, և հաշիվն այս եղանակավ գոցվի։ Աշակերտն լավ համոզվելու է սա ճշմարտության, թե պարտք չհատուցանելով կրնա մեծ հարստության տեր ըլլալ օր մը, մինչդեռ աղքատ և խեղճ կը մնա, եթե պարտք վճարելու նախապաշարումն և հոռի սովորությունն ընդունի։

Խնդրել յուրաքանչյուր աշակերտեն, որ պարտք չհնարելով հարստացած հարյուր մարդու անուն գտնեն: