Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4 Օգոստոս

Դարուն և Աշուն...

Կը վաճառվի Կ․ Պոլիս Պահճե քաբու ջրավաճառ Հակոբ աղա Աղամալյանի քով։

Հեղինակն է պարոն Տիգրան Պ․ Սեթյան։ Պատիվ կամ առիթ չունեցանք տակավին տեսնելու Գարանն և Աշունն, սակայն կարդացինք լրագրի մը մեջ անոր ծանուցումն, զոր կը փութանք տառագրել աստ մեր դիտողություններով։

Սույն գրքույկը կը բաղկանա իննսուն և վեց երեսներե և բաժնված է կրկին մասերու։

— Գրքույկի միննսուն և վեց երեսներե բաղկացումն և կրկին մասերու բաժանումն երաշխավորություն մը չեն անոր հեղինակին արժանյաց։ —

Ա. Գարան, որ կը բովանդակե երեսուն և հինգ կտոր տաղեր, որոնց առաջին չորս տաղերը հեղինակին կատարելության հասակին առաջին արդյունքն են։

— Եթե գարունը հեղինակին կատարելության հասակն է, ըսել է թե ամառն, աշունն և ձմեռն հեղինակին թերակատարության եղանակներն կը կազմեն։ Բայց հեղինակի մը գարունությունն ևս գրավական մը չէ նորա տաղանդին, որքան հեղինակներ գարնան եղանակին մեջ ձմեռած են։ —

Նախաբանն Վահրամի ուղղյալ ուղերձ մէ։

— Նախաբանները երկար տարիներե ի վեր Վահրամի կը դիմեն։ Շատ հեղինակներ կը կարծեն. թե կը բարձրանան, եթե ականավոր անձանց ուղերձներ գրեն, մինչգեռ, ըստ իս, բարձրանալու նպատակավ ի գործ գրված ասանկ փոքր ջանքերն են, որ կը տապալեն շատ հեղինակներ։ Նախաբանեն ալ ուրեմն պետք չէ դատել գրքույկին արժանիքն։ —

Տաղերու մեծ մասը, բնական է, հոգեկան առարկայից կը վերաբերին.․․

Տաղերը կրնան վերաբերիլ շատ առարկաներու, սակայն հանճարն է, որ կը փայլի միշտ, նույնիսկ ամենեն չնչին առարկայից վրա չափված տաղերուն մեջ. ուստի, ես չեմ կրնար հավատալ, որ բնական և հոգեկան առարկայից վերաբերյալ տաղերն միշտ գեղեցիկ և ընտիր ըլլան։

Եվ մի քանին ազգային ծանուցյալ քերթողներու ուղղյալ տաղեր են...