Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդարաթյան դեմ խոսած կըլլանք, եթե չխոստովանինք, որ պարոն Մենատիեի դերասանապետության շնորհիվն է, որ այս ներկայացումն այսքան շքեղ և այսքան կանոնավոր կերպով բեմ հանվեցավ։ Նույնպես շնորհակալություններ պարոն Սալիեին, որ անխոնջ ջանքով քանի մը ամիսներե ի վեր երգերն դերասանաց սորվեցնելու պարապեցավ, որով դերասանաց այսօր առած ծափահարությանց կեսին բաժանորդ ըլլալու իրավունքն ստացած է։

Արդարության դեմ խոսած չենք ըլլար, եթե Վարդովյան էֆենտիին շնորհակալություն չհայտնեինք, որովհետև ինքն ամեն կողմե միշտ հալածանք կրելու վարժված ըլլալով՝ իրեն շնորհակալ չեղողն իբրև արդարության պարտք կատարող մը կըմբռնե։


ԴՐԱՄԱԿԱՆ

Այնպիսի ժամանակի հասանք, ուր դրամական տեսության ընելու համար դժվարություն կզգա մարդ, ինչու որ դրամ տեսած չունինք, և ասկից վերջն ալ տեսնելիքնիս դեռ որոշված չէ։

Հրապարակի վրա դրամական տագնապը մեծ է... ամեն մարդ փոխառություն ընելու պետքը կզգա, եթե փոխատու գտնա, բայց տվող չգտնելնուն համար կստիպվին առանց փոխառությանց ապրելու միջոցներուն վրա խորհիլ, այսինքն առանց ուտելու ապրելու վրա։ Եթե այս միջոցը գտնեն մարդկային ազգին՝ նամանավանդ Թուրքիո մարդկային ազգին մեծ ծառայություն մը պիտի մատուցանեն, որովհետև դրամ վաստկելով ապրիլը վերջեն մուտ գտած սովորություն մէ, և ասոր ճշմարիտ ըլլալը այնչափ ճշմարիտ է, որչափ որ ճշմարիտ է մարդկութեան նախահոր և նախամոր դարուն մեջ դրամ չգտնվիլը․ եթե այն ատեն դրամ եղած ըլլար, Ադամ և Եվան դրախտեն դուրս չէին ելներ, դրախտին դուռն կայնող պահապանին քանի մը դահեկան կուտային և մինչև այսօր դրախտին մեջ կը մնային։

Դեռ կրնայինք ուրիշ շատ ապացույցներով ըսածնիս հաստատել բայց պետք չենք զգար, ինչու որ դրամով ապրելու գեշ սովորության վերջեն մուտ գտած ըլլալը հանրածանոթ ճշմարտություն մէ։

Թեպետև մենք կամաց կամաց վարժվեցանք այս գեշ սովորությանը մեկդի նետել-որովհետև այսօր մարդոց մեծագույն մասը հոս առանց դրամի ապրելու սկսած է — բայց կան տակավին