Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ ճաշակիս համաձայն լինելու համար՝ սույն հոդվածն հարկ էր սկսիլ այսպես․

1879 տարվո հունիսն մերձ էր յուր վախճանին։

Արևն տակավ տակավ ծալլելով յուր անզոր ճառագայթներն, անբիծ կուսի մը նվազյալ դեմքն կը պատկերեր, և հրաժեշտ տալով յուր աթոռույն՝ մեղմիկ կը սահեր, կիջնար ամպածրար լերանց ետևեն յուր ապարանքն մտնելու և հանգչելու համար անդ։ Յուր փոխանորդն, լուսինն կըսեմ, ինչպես ամեն փոխանորդներ, յուր գլխավորին աթոռն հափշտակելու համար կսկսեր ինքզինքն ցույց տալ, սակայն աստանդական ամպեր մերթ ընդ մերթ կը նսեմացնեին լուսնին երեսն և թույլ չէին տար, որ կարենար լուսով ճաճանչել ծովն։ Խոր լռություն մը կը տիրեր, և այս խոր լռության մեջ էր, որ տեսանք պարոն Նորայրի Գաղղիերեն — Հայերեն բառագրքին առաջին թերթն, վարդի թերթն, որ շուրջ կը սփռեր և կը ծավալեր յուր քաղցր բույրն և ի՞նչ վնաս ունի — և.․․ թույրն։

«Դեռ աչքերուս առաջ պատկերացած կը տեսնեմ, կը շարունակե պարոն Հրազդան, Միլվուայի Անկումն տերևոցի հիվանդ երիտասարդը։ Դեռ ականջիս կը հնչե — ականջի հնչելն պաղեն հառաջ կուգա — կոմսուհվո մը մելամաղձիկ շեշտը Բովերո ճեովինե, հեք երիտասարդ ըսելով»։

Հե՜ք ականջներ․․․

«Այն ատեն դեռ տղա էինք...»

— Ա՞յն ատեն ալ դեռ տղա էիք... բայց ե՞րբ պիտի մեծնաք դուք —

«Անծանոթ էր մեզ մարդկային սիրտն, ի՞նչպես կրնայինք որոշել հոգվո վիշտերն մարմնո ցավերեն»։

Կերևի, թե պարոն Հրազդան տրամածանոթության մեջ քաջ չէ։ Բայց մենք կը հասկնանք, կոմսուհին ալ Բառգիրք մը հրատարակելու երկունք ունեցեր է։

«Հեղինակներ... գոհ չեն ըլլար քիչ փառքով, իրենց Արտերուն մեջ կը սնուցանեն փառասիրության մեծագույնը։ Անմահ լինել, այն է իրենց սրտի գեղձումն։ Ինչո՞ւ համար ըլլանք այնչափ անգութ, որ խռովենք զիրենք այդ անուշ երազներու մեջ, թող մոռնան պահ մը կենաց դառնությունները, թող արբենան պահ մը հաշիշով և երազեն»։

Համամիտ չեմ պարոն Հրազդանին։

«Շատ անգամ ներելի է մեզ, փորձառության օգնությամբ