Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԱՐԱԿԱԼՆԵՐՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարդս ստակ վաստկելու և մեկեն ի մեկ վաստկելու համար համարակալ ըլլալու է, որովհետև համարակալ մը հազար միջոց ունի ստակ վաստկելու և մեկ միջոց չունի ստակ կորսնցունելու, և ես, եթե հարյուր զավակ ունենայի՝ հարյուրն ալ համարակալ կընեի, որպեսզի թշվառականները թվանշաններով զբաղեին ու մարդ ըլլային։ Մարդս մարդ ընողը թվանշանն է, և այս ըսածնուս ապացույցն է քանի մը համարակալներուն պատմությունն, որ բերնե բերան կը պտըտի այս օրերս։

Շինության մեջ համարակալության պաշտոն վարող չորս հինգ անձեր, օր մը տեղ մը գումարվելով ժողով կը կազմեն և կսկսին երջանկության ճամբան գտնելու միջոցներուն վրա վիճաբանիլ։ Երկար վիճաբանութենե մը ետքը մեր ժողովականները մեջերնին կը համաձայնին և յուրաքանչյուրն ինչ ընելիքն աղեկ մը սորվելով իրարմե կը բաժնվիին։

Քանի մը օր ետքը համարակալներեն մին յուր տետրակին մեջ հետևյալը կը գրեր.

Հինգ հազար ոսկիի աղյուս այս ինչ շենքին համար:

Ժամ մը ետքը ընկերն ալ յուր տետրակին մեջ հետևյալը կանցուներ.

Այն ինչ շենքին համար ղրկված հինգ հազար ոսկիի աղյուսին կրողչեք՝ երեք հազար ոսկի:

Կես ժամ ետքն ալ մյուս ընկերն յուր տետրակը կը զարդարեր հետնյալ տողերով.

Այն ինչ շենքին համար ղրկված հինգ հազար ոսկիի աղյուսին էշերուն վրա բեռցնողչեք հազար հինգ հարյուր ոսկի:

Քառորդ մը ետքն ալ չորրորդ ընկերնին յուր տետրակը կը հավասարակշռեր հետևյալով.