Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՆՈՆԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՀԱՅՈՑ

Ի ԲԵՐԱ-ՇԻՇԼԻ

Ազգային լրագրոց մեջ կարդացինք վերջապես Բերայի ազգային գերեզմանատան կանոնագիրն, զոր հիշած էինք Խիկարի ներկա թվույն նախորդ երեսներեն միույն մեջ։

Սույն կանոնագիրն, որ տասնևչորս հոդվածներե բաղկացած է, երկու մասերու բաժնված է։ Ա. մասն գերեզմանատան հատկացված է և երկրորդն՝ կարգադիր հանձնախումբին։

Հոդված 3-ին տրամադրությանը համեմատ յուրաքանչյուր հայ իրավունք ունի եղեր թաղվիլ Շիշլիի ազգային գերեզմանատան մեջ, սա պայմանավ, որ մեռնելեն ետքը պիտի կրնա թաղվիլ և այն ալ սահմանյալ դրամական փոխարինություն մը հատուցանելով առ սնտուկն գերեզմանատան և փոխարեն ընկալագիր մը ստանալով անշուշտ։

Հոդված 6-ը ամեն մի ննջեցելոց համար արձանագրության և գերեզմանափորի ծախուց փոխարինություն մը սահմանած է ըստ հետևյալ ցուցակի․

Մատրան ուղվո մասնավոր գերեզմանատեղյաց

Համար ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Օսմանյան լիրա 1½
Առաջին կարգի ․․․․․․․․․․․․․․․․․․․ » 1½
Երկրորդ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ » 1½
Երրորդ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ » 1½
Ընդհանուր ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ » 1½

Այս գիներն թեև չափավոր կը թվին մեզ և չենք կարծեր, որ մեր ազգային ննջեցյալներն դժկամակին այս ճամբու ծախքը վճարել, սակայն կը ներվի մեզ անշուշտ հարցնել, թե շուտ մեռնիլ ուզողներու համար կամ հարյուր ննջեցյալի համար զեղչ մը չպի՛տի ըլլա։

Հոդված 7-ը կը թույլատրե հարուստներուն մասնավոր գերեզմանատեղյաց մեջեն իրենց համար որոշել հատուկ թաղ, միշտ դրամական փոխարինություն մը հատուցանելով ըստ հետևյալ ցուցակի.

Մատրան ուղվո մեն մի քառակուսի մեթրոյի

Համար ․․․․․.....․․․․․․․․․․․․․․․ Օսմանյան լիրա 3
Առաջին կարգի ․․․․․․․․․․․․․․․․․․  » 2
Երկրորդ  » ․․․․․․․․․․․․․․․․․․․․․  » 1
Երրորդ  » ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․  » ½