Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի տեսնվի ներկա թերթիս մեջ, որ ընդունելության արժանացան ընթերցողաց մեծ մասեն։

Խիկար ներկա շրջանիս մեջ պիտի խոսի ուրեմն, ինչպես կը խոսիր միշտ, այն զեղծումներուն և թերությանց վրա, որ կը գործվին մեր վարչական, խորհրդարանական, կրթական և ընտանեկան շրջանակաց մեջ, այսինքն, ամեն տեսակ զեղծմանց և թերությանց վրա. սակայն պահանջել իրմե որ խոսի այն լեզվավ, որով կը խոսեր երբեմն Մեղուի, Թատրոնի, Լույսի և ազգային ուրիշ լրագրաց մեջ՝ անկարելին պահանջել է, որովհետև Խիկարը լրագրական տեսչության կողմե արտոնված թերթ մը չէ, որովհետև Խիկարին ձեռագրերն գրաքննական բովեն անցնելեն հետո կը հանձնվին մամլո։ Այսքան բացատրություն բավ կը համարինք պատասխանելու համար այն դիտողությանց, որ ուղղվեցան մեզ Խիկարին անցյալ շրջանին պարունակությանց մասին, և կը խոստանանք մեր ընթերցողաց ճաշակն գոհացնել ներկա շրջանին մեջ ուր չենք կարծեր, որ խնդալու նյութեր պակսին մեզ։


1885 ՆՈՐ ՏԱՐԻ

Ճանապարհ բարի՜, սիրելի մահկանացուք...

Մեծապատիվ անմահք, երթաք բարով։

Կը շնորհավորեմ զձեզ այն հսկա քայլին համար, զոր պատիվ ունեցաք առնելու 1884-ին, դեպ ի հող։

Տարի մալ ի հող դարձաք...

Չեմ կրնար ծածկել այն բերկրությունն և ուրախությունն, զոր կզգամ ձեր սրտին մեջ, երբ կը տեսնեմ, թե անցյալ տարվույն վրա տարի մը պակաս պիտի ապրիք։

Ողջ եղե՛ք։

Ժամ է արդ, որ յուրաըանչյուր ոք նոր տարվույն առթիվ զղջա կամ գոնե քիչ մը տխրի այն հիմարությանց և սխալանց վրա, զորս գործած է անցյալ տարվույն մեջ, և պատրաստվի նոր հիմարություններ և թերութւուններ գործել, որոց վրա հաջորդ տարին պարտավոր է զղջալ։ Վաճառականն, որ յուր խելքն և բոլոր դրամագլուխն կորուսած է իրեն ծանոթ գործի մը մեջ, ուխտ կընե երկրորդ անգամ չմտնել չգիտցած գործեն մեջ. գինեմոլն, որ ոգելեց ըմպելիքներով կործանած է մարմինն և սենյակն քաշված, հազալով միայն ժամանակ կանցունե, երդում կընե, որ այսուհետև գինի չդնե բերանը։ Եվ սակայն, այս վաճառականը կորուստն