Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարմարելու համար՝ բարեկամներեն փոխառություն կընե ամեն օր, և Համպուրկի վիճակահանության տոմսերեն կը գնե։ Կինն ու զավակներն ո՛չ ապրուստ ունին և ո՛չ հագուստ, թո՛ղ չուտեն և չհագնին մինչև որ վիճակահանութենեն վաստկի խեղճ մարդը։ Եվ սակայն, այն գինեմոլն, ժամանակ անցունելու պատրվակավ, բարեկամներ կը հրավիրե տունն և անոնց հետ պեզիք կը խաղա դրամով։ Խաղամոլությունն անմեղ զբոսանք մ՝է եղեր։ Դարձյալ ամեն մարդ 1884-են վայելած բարօրության կամ կրած թշվառությանց համեմատ կ՝օրհնե կամ կ՝անիծե 1884 թվականն և երկու կողմն ալ իրեն համար տող մը կը գտնե Քոռնեյլեն։

«Այնքան բարիք գործեց ինձ, որ չեմ կրնար գեշ ըսել.

Այնքան չարիք հասուց ինձ, որ չեմ կրնար աղեկ ըսել»։

Տարիներն ալ մեծ մարդոց պես են, իրենց աղոթողներն և անիծողներն ունին։

Սակայն, զարմանալի է տեսնել, որ 1884-ին շահող հարուստներն չեն հանդուրժեր բնավ, որ վնասվոդները քիչ մը նեղվին և բանագրեն զայն։ 1884-ը՝ կ՝ըսեն վաստկողները, բարի թվական մ՝էր, բայց դուք չկրցիք ձեր գործը կառավարել, դուք, որ անմիտ եք, հիմար եք. և այն, որ կը վնասվի՝ ընդհանրապես կամ անպիտան մեկն է կամ խենդ հաչս հարուստներու...

Դարձյալ նոր տարվույն առթիվ խույն կույրին աչաց լույս կը մաղթե, և կույրն ալ խուլին ականջաց սուր լսողություն. ո՛չ մին և ո՛չ մյուսը կը հավատա այս բարեմաղթության իրականացման։ Երկուքն ալ շնորհակալ կըլլան։ Անհաշտ թշնամիք, որ քանի մը օր առաջ իրարու տուն կործանել կ՝ուզեին, միմյանց կը փարին, կը պագտվին նոր տարվույն առթիվ...

Ահա ասանկ խայտառակ բան մ՝է նոր տարին։

Բայց ինչ որ ըսինք, ինչ որ չըսինք, իրողությունն այս է, թե տարի մ՝ալ ծերացանք անցյալ տարվույն վրա։

Միայն տիկին Թ... որ անցյալ տարի վաթսունը լմնցուցած էր, այս տարի քառասուն մեկը թևակոխեց. և եթե հաջողի այսպես շարունակել, քանի մը տարիեն ետքը ստնտուն մը կտթ ծծելու պիտի ստիպվի...

Դիտող աչքի մը համար անսպառ նյութ կա դեպի գերեզման ուղևորության մեջ։ Մին վազելով կերթա, մյուսն հազիվ կը շարժի, ոմն դեռ որոշած չէ թե հառաջանա կամ ետ երթա, կիներն են միայն, որ առանց բացառության, ավելի կամ քիչ ետ կերթան։

Ունինք թեև մեր առջև մաքուր, կանոնավոր և պատվավոր պողոտա