Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոր հատկապես գերեզման տանելու համար շինված է, բայց մահկանացուներեն շատերն իրենց համար մասնավոր համբաներ կը բռնեն մեռնելու համար։ Մին շաղակրատության ճամբան բռնած կերթա․ մյուսն ստախոսության, ուրիշ մը խարդախության, ոմն կեղծավորության, ոմն պատվավոր գողության, սա ոլորապտույտ ճամբաներ կընտրե, դա երկնքի ճամբով կուզե գերեզման ելնել, նա կնիկը մեկտեղ կուզե առնել, սա կինն էրիկն ճամբելու կը նայի, այդ օրիորդն ադամանդներեն չկրնար բաժնվիլ, ան կառքով կուզե ճամբորդել, ես ձիով, դուն նավակով, ան շոգենավով։ Մենք հոս կուզենք թաղվիլ, դուք հոն կուզեք, անոնք ոչ հոս կուզեն ոչ ալ հոն։

Հապա ուր թողունք բնավ չքայլելու համար թափված ճիգերն։

Ահա ծեր հարուստն, որ ամեն օր բժիշկին կը հարցնե գերեզման տանող ամենեն երկար ճամբան։ Բայց այս ճամբան ալ իրեն աչաց կարճ կը թվի, և գերեզման չտանող ճամբա մը կսկսի փնտրել։ Օրը երկու քիլոգրամ խորոված միս կուտե, տակառ մը գինի կը խմե — գինին ծերերու կաթն է եղեր — օրը երկու անգամ պաղ ջրով կը լվա մարմինն և վերջապես հնարք կը փնտրե, որ անձամբ չերթա գերեզման և յուր այցետոմսն ղրկե։

Ուրիշ մը հոժարակամ ինքզինքն անհոգության տված է։ Փողոցի մեջ, սրճարանի մեջ, ընկերության մեջ, լրագրի մեջ խայտառակե զայն, համրելով անոր անբարոյական արարքներն. բնավ չկարմրիր, կը խնդա։ Չսրդողիր, պաղ արյամբ երեսդ կը նայի։ Հողերն և բարկությունն, կըսե, մարդս շուտ կը ծերացնեն։

Պակաս չեն նաև մահկանացուներ, որ իրենց տաղանդն ու հանճարն փայլեցնելու համար իրենց ուղեղն կը մաշեցնեն, են, որ իրենց սիրուհիներուն աչքը մտնելու համար իրենց մարմինն կը կործանեն, են, որ այլ և այլ մոլորություններով կյանքն իրենց կրից կստորադասեն և ասոնք վազելով կը դիմեն դեպի հող։

Ոմանք ալ տարբեր եղանակներով երկարել կուզեն իրենց կյանքն, որոնց յուրաքանչյուրին վրա զատ զատ գրելն կը հեռացնե զմեզ մեր նպատակեն։

Ճամբա մը գծել և մահկանացվաց ըսել. «պարոններ, այս ճամբով մեռեր», ապարդյուն աշխատություն մը ստանձնել է, թույլ տալ յուրաքանչյուրին յուր ուզածին պես և ուզածին չափ մեռնիք, լավագույն ճամբան է։

Ուստի, կը հրավիրեմք 1885-ն որ ամենուն իղձերն պսակե։

Ճանապա՜րհ բարի․․․

Ի կրկին տեսություն 1886-ին։