Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբեմն, զարմանալի և դյուրաշարժ ոստմամբ մը աշտարակի մը վրա կը ցատկե — անաչաոությունն պարտը կը դնե մեր վրա խոստովանիդ թե թեթևություն ունի յուր առավելություններն — և կսկսի աղաղակել այսպես․

«Ինչո՞ւ համար կոկոզավիզ աքաղաղն, վես աքաղաղն, կարմրաբիբ աքաղաղն, որ երբեմն իբրև անսպառելի խոսնակ կերգեր և կը պոռար, այժմ թրջած ու փետտած հավի պես կերևի մեր աչաց.․.»

Լուծողին տարվան մը Խիկար նվիրել կը խոստանանք։

Բայց որո՞ւն աքաղաղն է այս, Մաթիասին աքաղաղն...

Այս աքաղաղն անուն չունի՞, այն թեթևությունն մականուն չունի՞, և եթե կոկոզավիզ աքաղաղն յուր աչաց իբրև թրջած ու փետտած հավ կերևա, ինչո՞ւ... թղթակիցն, զոր սրատես կը հորջորջեին ժամանակավ, չփութար մեկդի դնել յուր ակնոցն, որ իրերն տարբեր ձևով և սեռով կը ներկայե յուր աչաց և չդներ լավագույն ակնոց մը։

Իսկ մենք վստահ ենք, որ — Թղթակցին մերկ և թրջած հավն ուրիշ բան չէ եթե ոչ ճշմարտությունն, որ հորեն ելած կը ներկայանա իրեն... Ո՞վ ճշմարտություն, քանի՞ քանի անգամներ արդյոք, հավ կարծվելով մորթվեցար և չափվեցար Շահնուրեն:

Գալով այդ կազմելի հանձնաժողովին՝ Խիկար կառաջարկե, որ այդ հանձնաժողովն թեթևության մեջ սնած, թեթևության մեջ օրորված անձերեն բաղկանա և յուր նիստերը շարունակե ընդ նախագահությամբ Շահնուրի:

Ի վերջո հրավիրելով... Թղթակիցն, որ բարեհաճի Դիոգենյան լապտերով փնտրել Խիկարին մեջ այդ թեթևության նշաններն, գտնել և ցույց տալ, մենք ևս կը մեկնենք առանց Դիոգենյան լապտերի — որովհետև խստապահանջ չենք մենք — փնտրել... Շահնուրի մեջ ինչ որ լապտերով կը փնտրեր Դիոգենես փողոցի մեջ...


ԿԵՑՑԵ՜Ն ԻՆՉ ԻՆՉ ՆԿԱՏՈՒՄՆԵՐ

Ազգային երեսփոխանական ժողովն յուր հունվար 17-ի նիստին՝ Կ. Պոլսո Պատրիարք ընտրեց և հռչակեց գերապատիվ Հարություն եպիսկոպոս Վեհապետյանն որու ամենապատիվ ըսելու հարկին մեջ պիտի գտնվինք այսուհետև։

Ինչպես ամեն ընտրության առթիվ, նույն օրն ալ կեցցեներու աղաղակներն թնդացուցեր են եկեղեցին.