Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, տեսա, աթոռը պատրաստ է, բայց ես պատրաստ չեմ։ Այս անգամ ալ չհաջողեցա և կարծեմ թե բնավ հաջողելիք ալ չունիմ։

— Ինչո՞ւ չհաջողեցաք, որ սրբազան, բավական պաշտպաններ և կուսակիցներ ունեիք, ընտրելյաց ցանկին մեջ անցած Էիք․․․

— Ընտրելյաց արժանավորագույնն ես չեմ եղեր, մինչդեռ ամեն հայ, երբ ոչ պաշտոնապես խոսի իմ վրա, կը խոստովանի, թե ազգին մեջ գտնվող եպիսկոպոսներեն գեր ի վերո կը հանդիսանամ ամեն նկատմամբք։

— Ցավալի է արդարև, որ ձեզի պես կարող, ուսումնական, գրագետ, բանաստեղծ և քաղաքագետ եպիսկոպոս մը չնստի Պատրիարքական աթոռին վրա։

— Այո՛, շատ ցավալի է, բայց ի՞նչ կարող ենք ընել, երբ ազգը չուզեր յուր սանձը իմ աջիս հանձնել։

— Այս աթոռը ձեր տունը ղրկե՞մ...

— Պետք չկա տուն ղրկելու։

— Ո՞ւր ղրկեմ ուրեմն։

— Ձեր տունը։

— Ե՞ս նստիմ վրան։

— Ինչո՞ւ չէ...

— Ի՞նչ կ՝ըսեք, սրբազան, ես ձեզի համար շինեցի զայն։

— Աշխատեցե՜ք, ուրիշի մը ծախել։

— Ո՞վ կառնե։

— Նորընտիր Պատրիարքն։

— Կաղաչեմ, սրբազան, մի՛ վնասեր ինձի, ա՛ռ աթոռն և վճարե՛ ստակը, դուք եպիսկոպոս մեք և կրնաք օր մասանկ աթոռի մը պետք ունենալ։

— Այն ատեն կը դնեմ, երբ պետք ունենամ։

— Կը խնդրեմ որ...

— Շատ խոսեցար... արդեն բարկացած եմ, թող տուր որ...

— Ես ստակս կ՝ուզեմ։

— Ատակ մը չեմ տար։

— Դար երեսփոխաններու հետ ալ այդպես կը վարվիք. կը խոստանաք և չեք վճարեր։

— Լռե՛։

— Քանի մը տարի առաջ լրագրի մ՝ալ ստակ տալ խոստացաք և չվճարեցիք։