Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գ...²

— Լռե՛, լռե՛։

— Լռեցի։

Համարակալները կուգան։

— Մենք բան մը ըրած չունինք։

— Մեյ մ՝ալ չըլլա, որ այսչափ աղյուս առնեք ղրկեք այն ինչ շենքին համար։

— Չենք առներ, էֆենտի, արդեն դիտմամբ շատկեկ առինք, որ ամեն օր առնել հարկ չըլլա։

— Ուրիշներուն ալ բան մի՛ ըսեք։

— Ո՞վ կըսե։

— Գործերնուդ նայեցե՜ք, աշխատեցե՛ք։

— Շնորհակալ ենք, էֆենտի։

Այսպես ահա չորս համարակալներն իրենց ապագան կը պատրաստեն այն միջոցով, որով միայն կրնա մարդս հարստանալ ներկա դարուս ու մայրաքաղաքիս մեջ։

Համարակալ եղի՛ք, խեղճ մահկանացո՜ւք, եթե կուզեք ապագա պատրաստել ձեզ։


ՀՅՈԻՐ ԸՆԴՈԻՆԵԼՈԻ ԶԳԵՍՏ

Նորություններու պես կարճատև բան չկա աշխարհիս վրա։

Մենք մահկանացուքս բավական տարիներ կապրինք, այս խեղճերը հազիվ կրնան ամիս մը ապրիլ։

Այս օրերս նորություն մալ ծնած է, այն է՝ հյուր մը ընդունելու համար անմիջապես շրջազգետոը հանել, գիշերազգեստ հագնիլ և այնպես դիմավորել հյուրը։

Ատենոք հյուրն երթալեն ետքը շրջազգեստը կը հանեին, գիշերազգեստը կը հագնեին։ Այսօր ասոր հակառակն է։ Վաղը կրնա ըլլա, որ տիկինները կամ օրիորդները հյուր մը տեսած ատեննին վազեն անկողին մտնեն, քանի մօր ետքն ալ թերևս հյուրերը գիշերազգեստով այցելություն ընելու ստիպվին. ասոնց ամենն ալ հավանական են, բայց մենք թողունք ասոնք և ծնած նորության առթիվ պատահած քանի մը դեպքերը պատմենք.