Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրքույկներն անգին գանձեր են. հայր Ս․ Տերվիշյան, թե Սրվանձտյանցի հրատարակություններն մեծ կարևորություն ունին անոնց համար, որ համեմատական լեզվաքննության հետամուտ են, և պարոն Գ. Խալաթյանց, թե Սրվանձտյանց յուր թանկագին ժողովածուներով գերազանց ծառայություն կը մատուցանե ազգին։ Այս նամակներն հրատարակած ժամանակ արժանապատիվ հեղինակն չմոռնար անոնց հեղինակաց վրա ծանոթություններ տալ և ըսելու.

«Ս. Մանդինյան վկայալ մանկավարժ է, հաջողակ գրագետ և ծանոթ յուր համբավով...»։

«Հայր Ս. Տերվիշյան վերապատվելին քաջածանոթ է ազգային բանասիրաց... հայերեն գործածյալ քանի բառից բաղդատական և քննական ընտիր հոդվածներով»։

«Պարոն Գ. Խալաթյան այժմ կը վարե պարոն Մ. էմինի բաց թողած բարձր պաշտոնը»։

Սակայն ինքզինքն գովելու նպատակով չհրատարակեր այդ նամակներն, այլ պարզապես պատիվ մընելու համար միայն անոնց հեղինակաց։

Յուր անձնական գործերն կարգադրելե հետո հեղինակն կսկսի վերջապես յուր Համով Հոտովն, որ չորս ճաշակի բաժնված՝ Քանի մը քաղցրություններ, Վասպուրական և յուր գավառներն, Հեքիաթներ և Գեղջկական երգեր կը պարունակե։

Առաջին ճաշակով արժանապատիվ հեղինակն յուր գրչին հատուկ հրապույրով և քերթողական խանդ ու եռանդով կը պարզե ընթերցողին առջև տեսարաններ, որ կենդանի գույներով նկարված են և որ մերթ լեռներ, բլուրներ կը ներկայացնեն, մերթ հիանալի ծովակ մը, մերթ անտառներ, մերթ հին հիշատակաց ավերակներ ի տես կը հանեն: Գրական և տեղագրական տեսակետով առաջին մասն գեղեցիկ է, թեև հեղինակին գրիչն երբեմն կը թռչի հոն՝ ուր հազիվ շարժիլ պետք է և դանդաղ կը քայլե հոն՝ ուր վազել հարկ է։

Երկրորդ ճաշակով կը ծանոթացնե ընթերցողն Վասպուրականի և անոր գավառաց, երկրագրական առատ տեղեկություններ տալով անոր։

Երրորդով կը պատմե մեզ Հեքիաթներ, որք, ինչպես կը խոստովանի ինքն, հայոց մամիկներու անգիր մատյաններեն գաղափարված են։

Չորրորդին մեջ գյուղացիներն են, որ խումբեր կազմած այլ և այլ երգեր կեղանակեն ու կը պարեն։