Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուստի ամեն կարող ազգայիններ, առանց ժամանակ կորուսնելու, քանի մը կանգուն տեղ դնելու են, որովհետև չենք կարծեր, թե այս վաճառումն երկար ատեն շարունակվի առանց Խիկարն ստիպելու, որ պոռա.

«Եկեղեցիներու մեջ փնտրեցե՛ք աննշան և վնասակար ննջեցյալները»։


ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԱԹՈՌԸ

Սույն աթոռի համար այս տարի ալ կաթողիկոս մը պիտի ընտրենք, ինչպես որ հատ մ՝ընտրեցինք անցյալ տարի և ինչպես որ, հավանականաբար, մեյ մեկ հատ պիտի ընտրենք ամեն տարի:

Այս տարի ալ, ինչպես անցյալ տարի, դիվանագետ գլուխներ օրինական այնպիսի փոփոխումներ պիտի պահանջեն, ընտրության այնպիսի եղանակներ պիտի առաջարկեն, որոնց գործադրության անկարելիությանը վրա իրենք ևս քաջ համոզված են։ Ազատամտության համբավ ու հռչակ հանելու տենչն պիտի մղե զանոնք դարձյալ խմբագրելու հոդվածներ, որ Ծաղիկ կամ Ճաշակ հայ մատենագրությանի մեջ կրնան նշանավոր Էջեր կազմել, բայց կաթողիկոսական ընտրության մեջ հազիվ իրավունք կունենան կարդացվելու։

«Հարգենք մեր սուրբ եկեղեցվո օրենքները, պաշտպանենք ազգին իրավունքներն»։

Այս մասին ամենքս ալ համակարծիք ենք, և հուսալի է, որ Ազգային երեսփոխանական ժողովն ալ մոտերս միացյալ հավանությամբ որոշե, թե պետք Է հարգել այդ օրենքներն և պաշտպանել այդ իրավունքներն, ինչպես վերջերս հայտնեց, թե Թուրքիո հայերը մասնակցելու են Կաթողիկոսի ընտրության, և փարատեց այն կասկածն, թե Թուրքիո հրյաներն կուզեն մասնակցիլ սուրբ Էջմիածնի աթոռին կաթողիկոսական ընտրության։

Ուրեմն, խնդիրն այդ օրինաց հարգվելուն և այդ իրավանց պաշտպանվելուն եղանակին վրա Է միայն, կամ, ավելի շիտակն խոսելով, այդ օրինաց և իրավանց ջնջվելուն վրա Է։

— Պարոն դիվանագետներ, կամ երևակայական դյուցազնության փայլեն շլանալով ամեն առաջարկություն մերժենք, կամ երկու չարյաց փոքրագույնն ընտրենք, պահ մը խոնարհինք և առիթի սպասելով օգուտ քաղելու խոհեմության և իմաստասիրության ապավինինք։