Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առջի օրը բարեկամներես մեկը բարեկամներեն մեկուն տունը այցելություն մը կընե։ Կես ժամ կանցնի, տան տերը կը տեսնե, որ հյուրին սուրճ չեն բերեր, բարկությամբ դուրս կելնե և յուր տասը տարեկան աղջկան կը հարցանե․

— Աղջի՜կ, սուրճ ինչո՞ւ չես եփեր կոր։

— Եփեցի՛, հայրիկ։

— Ինչո՞ւ չես բերեր կոր։

— Գիշերազգեստ չունիմ։

Աղջկան հայրը, որ քանի մը օր առաջ խաչ բռնելու համար հարսնիքի գացած միջոցին գիշերազգեստով դիմավորված էր, աղջկանը այս պատասխանին վրա քմծիծաղելով սենյակ կը մտնե ու հյուրին կըսե․

— Ներեցե՛ք, պարոն նշան, սուրճ չպիտի կրնամ հրամցնել ձեզի այսօր։

— Ինչո՞ւ։

— Որովհետև գիշերազգեստ չունինք։

— Սուրճին մեջ գիշերազգե՞ստ ալ կը դնեն կոր հիմա։

— Ո՛չ, բայց աղջիկս առանց գիշերազգեստի սուրճ բերելու, կամչնա կոր, որովհետև շաբթուս նորությունը կը պահանջե, որ հյուրերը գիշերազգեստով ընդունվին։ Սուրճը պատրաստ է դուրսը, կրնանք երթալ, առնել ու խմել։

Երեկ չէ առջի օրը Կիրակոս աղան յուր վաղեմի բարեկամներեն մին գինետունե մը առնելով յուր տունը կը տանի։

Դուռը կը զարնե, չբացվիր. նորեն կը զարնե, նորեն չբացվիր։ Պատճա՞ռ։ Պատճառը հայտնի է, կինը պատուհանեն տեսնելով, որ էրիկը հետը հյուր բերած է և նույն օրն ալ գիշերազգեստը չվարած ըլլալուն չկրնալով հագնիլ, իսկույն կրակ կը շինե ու գիշերազգեստը չորցնելու կ՝աշխատի, որ հագնի, դուռը բանա ու հյուրն ընդունի։

էրիկը, ոը հյուրին հետ մեկտեղ դրան առջին անձրևեն գլխեն մինչև ոտքը թրջեր էր ու կը թրջեր, բարկությամբ դուռը կը զարնե ու երեք քառորդեն ետքը կը հաջողի բանալ տալու։

— Երկու ժամ է ո՞ւր էիք, տիկին, դուռը ինչո՞ւ չբացիք։

— Գիշերազգեստս թաց էր, ներեցե՛ք։

— Շրջազգեստդ հագնեիր...

— Տեր ողորմյա, Հովսեփ աղան որ քառասուն տարին անգամ մը բարեհաճեր է մեզի հրամմել, կը վայլե՞ որ առանց գիշերազգեստի ընդունիմ զինքը, լսողը ի՞նչ կըսե։