Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մակար արքեպիսկոպոս։ Մեծամասնության ձայնն ոչ կըսե։ Հարստապետությունն կը հավանի։

— Շատ աղեկ, կըսե, ներկայացուցչի հարկ չկա, պատգամավոր մը ղրկենք մեր կողմե։

— Մարդ ղրկվելու պետք չկա, թղթատարով ղրկենք անցյալ տարվա պես։

— Թղթատարով ղրկել չըլլար, Սուրհանդակ անունով մեկն առաքենք։

— Բայց, պարոն հարստապետություն, դու անուններ կը փոխես միայն և ասկից մեկն ղրկելու վրա կը պնդես։

— Մկրյան տեր Հովհաննես անունով մեկն ղրկենք ուրեմն և այն ատեն հարկ չմնար ո՜չ ներկայացուցչի, ո՛չ պատվիրակի, ո՜չ պատգամավորի և ո՜չ սուրհանդակի։

— Ո՛չ։

— Ո՜չ կամ այո՛, որոշված Է, որ Մկրյան տեր հայրն անպատճառ ղրկվի Տփղիս. և բնավ անպատեհություն չկա ցանկին նորին արժանապատվության ձեռամբ ղրկվելուն մեջ։

— Այո՜, բայց պատեհություն մ՜ալ չկա։

— Նորին արժանապատվությունն վարդապետ եկեղեցական մ՜Է, կրնա ի նպաստ կառուցանելի Ներսեսյան վարժարանին հանգանակություն ընել մեր ռուսահայ եղբայրներեն, հանգանակության արդյունքն մեզ հարուստներուս հանձնել, որ բնավ սովորություն չունինք հաշիվ տալու, և այս եղանակավ մղում տալ կրթական մեծ գործին և սովելոց հանձնաժողովին։

— Ռուսահայ եղբայրներն հերիք ստակ տվին և հաշիվ չառին. չենք կարծեր, որ վերստին խաբվին. ուստի անտեղի է նորին արժանապատվությունն Տփղիս ղրկելն։

— Սակայն, նորին արժանապատվությունն Կ․ Պոլսո և Տփղիսի վաճառականաց մեջ առևտրական հարաբերություն մը հաստատելու պաշտոն ալ ունի։

— Սահմանադրությունն ասանկ տրամադրություն մը չունի։

— Մոռցած է ունենալու։

— Մենք հակառակ ենք այս առաքելության։

— Հարստապետությունն համաձայն է և պետք չունի մտիկ ընելու մեծամասնության ձայնն, որ գլխու ցավ միայն կը պատճառե։