Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեկ առտու Մարգար աղային տունը կերթա իր ծանոթներեն մին, որն որ սենյակեն ներս մտնելուն պես Մարգար աղան անդրավարտիքով կը դիմավորե զինք, ըսելով․

— Հրամմեցե՛ք, աղա։

— Ատ ի՞նչ է, Մարգար աղա, գիշերազգեստդ ո՞ւր է։

— Կնկանս տվի, որ հագնի ու դուռը բանա ձեզի, չտայի նե մինչև իրիկուն դրան առջին կ՝սպասեիր։

— Ինչո՞ւ։

— Որովհետև շաբթուս նորությունը կը պահանջե որ իգական սեռն գիշերազգեստ հագնի ու այնպես հյուրի առջև ելնե։

Այս առտու փերեզակ մը հայու մը տան առջև կեցած՝ պատուհանին առջև նստող կնկան հետ այսպես կը խոսակցեր.

— Կաղաչե՛մ, Մարիամ տուտու, սա առած մետաքսիդ ստակը տայիր։

— Ստակդ պատրաստ է, տղաս, կուտամ։

— Ինչո՞ւ դուռը չես բանար, չե՞ս տար ուրեմն։

— Դուռը չեմ կրնար բանալ, տղաս, գիշերազգեստ չունիմ, խե՞նդ եմ, որ առանց գիշերազգեստի ուրիշի դիմացը ելնեմ։

— Պատուհանեն նետե՛։

— Գիշերազգեստ չունիմ, ըսինք ա՛, երկար չեն ըներ։

— Առած ժամանակդ գիշերազգե՞ստ ունեիր, տուտո՞ւ։

— Ան ատեն աս սովորությունը չկար։

— Ե՞րբ պիտի տաս մեր ստակը։

— Երբ որ գիշերազգեստս կարվի լմննա։

— Ե՞րբ կը լմննա։

— Երբ որ ստակդ տամ։

Գիշերազգեստին վրայոք կրնայինք դեռ ուրիշ դեպքեր ալ պատմել, բայց իգական սեռին գեշ չերևնալու համար այսչափը հերիք կը համարինք։

Տեսնենք այս նորությունը քանի օր պիտի ապրի և ասոր ի՞նչ պիտի հաջորդե։


ՔՐԻՍՏՈՍՏՈԻՐ ԷՖԵՆՏԻԻ ՃՐԱԳԸ ՄԱՐԵԼՈՒ ՎՐԱ

Այս անծին կենսագրությունն՝ որ Թատրոնիս մեջ հրատարակվեցավ, սա տողերով կը վերջանար.