Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի խոսի նա այն ամեն ճյուղերու վրա, դորս կընդգրկե զվարճախոս թերթ մը։ Ըստ ներելո տպագրական ազատության պիտի աշխատինք Խիկարն այնպիսի դիրքի մը մեջ պահել, որ կարենա գոհացնել ամեն կարգի ընթերցողներն։ Կարելի եղածին չափ պիտի ջանանք չհրատարակել այլաբանական գրվածներ՝ զորս հարկն կստեղծե և որոց մեջ կը մարի երգիծանքն։ Միտք ունինք ներկա շրջանիս մեջ հրատարակել քանի մը կատակերգություններ ազգային կյանքեն քաղված իրողություններ, որք, եթե ներողամիտ ընթերցողաց ընդունելության արժանանան, պիտի շարունակվին հաջորդ շրջաններու մեջ ևս։ Գիտենք, թե որքա՜ն դժվար Է այս ճյուղին մեջ հաջողություն հուսալն, կզգանք, թե որքան մեր կարողութենեն վեր է այդ ասպարեզն. այսուամենայնիվ նախ՝ ազգին վերքերն քիչ մալ թատերաբեմերու վրա մատնանիշ ընելու փափագն, և երկրորդ՝ գրական գործոց մասին մեր ազգայնոց ցույց տված անսահման և անհուն ներողամտությունն համարձակություն տվին մեզ բռնաբարել թատրոնի մուտքն։ Ներկա թերթին մեջ կսկսինք հրատարակել Պաղտասար աղբար անուն կատակերգությունն՝ զոր մասնավորապես ազգային ձեռնհաս մարմնոց ուշադրությանը կը հանձնենք։

Վերջացնելով մեր հայտարարությունն, կը փութանք ծանուցանել, թե խմբագրության, տնօրենության և գործակալության վերաբերյալ գրություններ ուղղելի են առ Նշան Կ. Պերպերյան, Կ․ Պոլիս, Էսկի Զապթիե ճատտեսի, թիվ 63։

Այս առթիվ կաղաչենք նախորդ շրջանեն պարտք ունեցող բաժանորդներն, որ բարեհաճին իրենց պարտքը վճարել կամ ուղղակի մեզ կամ հանդեսիս արդի տնօրեն — գործակալ Նշան Կ. Պերպերյանի։


ՄՐՑԱՆԱԿԱՑ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Ինչպես ամեն տարի՝ նույնպես այս տարի ևս կատարվեցան ազգային վարժարանաց տարեկան հարցաքննությունները և մրցանակաց բաշխման հանդեսներն: Ինչպես ամեն տարի՝ նույնպես ալ այս տարի մեծապատիվ քննիչներն ազգային վարժարանաց գոհացուցիչ և հսկայաքայլ հառաջադիմությունն արձանագրեցին վկայությանց տոմարին մեջ։ Ինչպես ամեն տարի՝ նույնպես նաև այս տարի աշակերտներն ու աշակերտուհիներն այլ և այլ լեզուներով ճառեր խոսեցան, այլ և այլ եղանակներով երգեցին։ Կրթական