Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկ հատ ևս խմեցինք, շիշը պարպեցավ և վերստին քցվելու հրաման տրվեցավ։

— Չափազանցություններեն միշտ կը խորշիմ, ամեն բան չափով ըլլալու է, մարդս քիչ մը խմելու է, բայց առանց անձին և յուր ընտանյացն վնասելու։

— Իրավունք ունիք, պատասխանեցի։

— Հրամմեցեք, առեք։

— Սիրտդ չկոտրելու համար կառնեմ, ըսի։

Չերկարենք, շիշը պարպեցավ և լցվեցավ։

— Հապա ի՞նչ ըսեմ այն մարդոց, որ ոչ իրենց կինը կը խորհին, ոչ իրենց զավակները և ժամը մինչև երեքը, չորսը գինետուններու մեջ կը մնան։

— Սարսափելի բան է։

— Կը զզվիմ անանկ մարդերե։

— Ես ալ կը զզվի։

Գլուխս դառնալ սկսած էր, աչերս կրակ կտրած էին, ուստի սա մարդուն ձեռքեն փրկվելու համար ոտք ելա և ձեռքը սղմելու չմնաց՝

— Չե՛, չե՛, չե՛, չեմ թողուր, որ երթաք, ասանկ կենսական խնդիր մը կիսատ թողուլ ու երթալ։

— Կաղաչեմ, ա՛լ չեմ կրնար խմել, և ուշ ալ է։

— Ո՛չ, ո՛չ. ծո՛, մեզի օղի բեր։

— Չեմ կարող խմել։

— Իմ նպատակս է այս կենսական խնդրույն վրա քեզի հետ երկարորեն խոսիլ, ընկերություն մը կազմել և սա անիծյալ ոգելից ըմպելյաց գործածությանը դեմ մաքառիլ, ազատել երիտասարդությունը օղիին ճիրաններեն, որուն ամեն տարի այնքան երիտասարդներ կը զոհվին...

— Հրամմեցե՛ք, հատ մ՝ալ...

— Ըսի, որ չեմ կրնար.․․

— Ընկեր մը կես ճամբան թողուլն պատվավոր բան մը չէ․․․ վատ...

— Կը խմեմ, ըսի, ընդմիջել ջանալով արտասանելիք. բառն, զոր խիստ ձախորդ կերպով հաջողեցա կտրել։

— Շնորհակալ եմ։ Ի՜նչ միջոցներ ձեք առնվելու են, ինչ է ձեր կարծիքը։

— Ընկերություններ կազմելու է, ընկերություններ...

— Իմ ալ կարծիքս այն է... բայց ո՞վ պիտի նախաձեռնե այս