Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործին մեջ։ Հրամմեցե՛ք, հատ մալ... ա՜խ, սրտես արյուն կերթա, քանի կը տեսնեմ, որ անփորձ երիտասարդներ իրենց կյանքը կը մաշեցնեն օղիով, հրամմեցե՛ք...

— Դուք խմեցե՜ք, ես ալ...

— Խմեցե՜ք, կըսեմ կոր ձեզի, պոռաց, սպառնական ձայնիվ ու եղանակավ։

— Խմեմ, պատասխանեցի, ծեծ չուտելու համար։

— Ծո՛, եկո՜ւր, սա շիշը լեցո՜ւր։

Զբոսարանի տիրոջ ակնարկեցի, որ գա ու օգնե ինձ օձիքս ազատելու համար։ Անմիջապես եկավ ու «Զբօսարանն պիտի փակենք, ուշ է» ըսելով զիս մեկդի քաշեց ու ճամբա դրավ։ Զբոսարանեն դուրս ելնելու ժամանակս կը լսեի Ղամբարն, որ հետևյալ խորհրդածությունները կ՝ըներ.

«Մեր ազգն ասանկ է ահա, միություն չունինք մենք, խնդիր մը չվերջացուցած կելնենք կը փախչինք և չփախչողներն ալ կը հուսահատեցնենք, անոր համար և ոչ մեկ գործին վերջը կրնանք բերել․ եռանդով կսկսինք ու անմիջապես կը պաղինք... և այլն, և այլն, և այլն...»

Եվ հետևյալ առավոտ իմացանք, թե Ղամբար ըսված երիտասարդն օղիի տակառին մեջ կը լոգանա եղեր ամեն օր։ Բարեկամաց ոմանց պատմեցինք պարոն Ղամբարի զգացած ցավն երիտասարդաց մեջ տարածված օղիի գործածության համար և ծիծաղեցանք: Կերևի թե, կըսեի ինքնովի, այն ատեն պարոն Ղամբար անոր համար միայն կուզե, որ երիտասարդներն օղի չխմեն. որպեսզի օղին չհատնի և ինքը խմելու օղի գտնե։ Երեք տարիե ի վեր մոռցած էի այս դեպքն և սատանան ուզեց, որ պարգևաբաշխության հանդիսի մը մեջ օրիորդե մարտասանված ճառն հիշեցնե ինձ և հարկադրե զիս հրատարակել զայն հանդիսիս մեջ.

Պճնամոլության բյուր տձևությամբ բեռնավորված օրիորդ մէր սա, որ պճնասիրությունն կը ծաղկեր ՊՃՆԱԶԱՐԴ հագուստովն, կապուստովն, գույնզգույն երիզներովն, ժապավեններովն, շինծու ծաղիկներովն և պճնամոլ ճառովն։ Պճնասիրության ցավալի հետևանքներն կը թվեր մի առ մի և կը հրավիրեր հայուհիներն պարզասիրության որ խույս տված է, կըսեր, մեր ազգեն։

Եվ ինչո՞ւ այնքան անխնա հալածել պճնասիրությունն, միթե գեղեցկություն չէ՞ անոր նպատակն։ Ո՞վ չհարգեր գեղեցկությունն, ո՞վ չպաշտեր զայն, և ով կարող է արգիլել գեղեցկանալ ուզող կին