Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղ կը զզվեցնե։ Եվ արդարև այս մոլությունն կանանց ոմանց քով հոռի ճաշակ մը կուտա գեղեցիկներու։ Անհրաժեշտ է, որ այս մոլությունն, որո ծախքը հազիվ երկու դահեկան է, կամաց կամաց չքանա, անհետի։ Կամաց կամաց ըսի ներեցե՛ք, о՜ հառաջադիմասեր հեղինակը ու հեղինակուհիք, որովհետև մոլություններ, կամ առաքինություններ և սովորություններ կան, որոնց բարձումը դարերու կը կարոտի. որքա՞ն երջանիկ պիտի ըլլայինք, եթե մոլի ազգերն վայրկենի մը մեջ առաքինի ըլլային կամ գեշ սովորություններն օրվան մը մեջ բարեփոխվեին։

Պճնամոլերն ավելի մեղքնալու պարտավոր ենք քան թե մեղադրելու և եկեղեցվո բեմեն պճնամոլ մը հարվածելն՝ հարվածել է մարդ մը զգային խառնվածք ունենալուս համար։ Կերևի, թե ինչպես որ արյունային, մաղձային, ավշային, զգային խառնվածքներ, կամ կազմվածքներ կան, այնպես ալ պճնամոլային, պարզասիրային կազմվածքներ կան։ Քիչ մը հավատալու է, թե մոլություններն ալ ժառանգական են առաքինությանց պես․ Որդի հարազատ նմանութիւն հօրն բերէ: Հետևապես, պճնամոլ ծնողքե պարզասեր աղջիկ չծնիր։ Ապա ուրեմն աշխատելու ենք արյունային ու ջղային կազմվածք ունեցող օրիորդներն՝ որք ընդհանրապես պճնամոլ ըլլալ կը կարծվին՝ ամուսնացնել ավշային ու մաղձային խառնվածքի տեր պարոններու հետ, որոց վրա պարզասիրությունն իսկ տարին անգամ մը կերևա։ Այս ընթացքով պճնամոլությունն կսկսի վերնալ և երկու դար ետքը այս մոլության հետքն անգամ չտեսնվիր։

Օրիորդին ճառին վրա այս չափն բավ համարելով՝ կը խոստանամ հաջորդ թվով խոսիլ մյուս ճառերուն վրա, առանց մոռնալու երգերն։

Հանդեսիս նախընթաց թերթով խոստացած էինք ներկայել մեր դիտողություններն ճառերուն վրա, որ կարտասանվին, երգերուն վրա, որ կերգվին աշակերտներե՝ պարգևաբաշխությանց առթիվ։ Կուգանք այսօր կատարել մեր խոստումը։

Գրկել ութնամյա հում մարդ մը, տնկել զայն կանաչ չուխայով ծածկված բարձր սեղանի մը վրա, հետո թուղթ մը տալ անոր ձեռքը և հրամայել, որ բարձրաձայն արտասանե, ձեռներն երբեմն վեր բարձրացնե, երբեմն վար իջեցնե և երբեմն կուրծքը ծեծե զգուշանալով հանդերձ, որ սեղանեն վար չիյնա, ճառե կրթության օգտակարության վրա, հայրեր, մայրեր ու զավակներ