Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդրենք, որ ազգու միջոցներ ձեռք առնե նմանօրինակ տեսաբանաց առաջքն առնելու համար ապագային մեջ և, այս առթիվ, կոչում կընենք մուսաներուն, որ հաճին քիչ մալ ազգային երգեր, մանավանդ զվարթ երգեր ներշնչել մեր բանաստեղծներուն, զորս բավական լացուցին և դեռ կը լացնեն։


ԱԶՆՎԱԿԱՆՈԻԹՅՈՒՆՆ Ո՞ՒՐ ԿԸ ՎԱՃԱՌՎԻ

Բարեկամներ, սերը սարսափելի տղա մէ, անառակ է, անուղղա, և անտանելի։ Միշտ անկարելին կը պահանջե։ Ըստ քմաց հրամաններ կարձակե, որոց անմիջական գործադրությունն կը պահանջե։ Միջին աստիճանի երիտասարդի մը կը հրամայե, որ միլիոնավոր մըլլա, սև աչվի մարդու մը կը պատվիրե, որ կապուտակ աչեր ունենա, խելարի երիտասարդե մը կը խնդրե, որ կապվելու խենդ դառնա։ Այս անառակին վրա մանրամասն և կատարյալ տեղեկություններ ստանալու համար խոնարհաբար կը հանձնարարեմ ընթերցողացս դիմել սիրահարաց, ողորմելի սիրահարաց, որ այս շփացած տղուն սիրտը չկոտրելու համար անոր ամեն հրամանաց կը հնազանդին, և, հետևապես, կատակերգության ճոխ նյութեր կը նվիրեն զվարճախոս թերթերու։

Այս անառակ տղան վերջերս օր մը հանկարծ կը հրամայե սիրահարի մոր անմիջապես ազնվական տոհմե սերած ըլլա: Խեղճ սիրահարր կաշխատի, կը ջանա համոզելու սերն, թե կարելի չէ հրամանն գործադրել։ Սերը հրամայել և համոզել միայն գիտե. հրամայվելու և համոզվելու վրա գաղափար իսկ չունի։ Թշվառ սիրահարին ճարը կը հատնի և սերը գոհացնելու միջոց մը գտնելու նպատակավ Պոլիս կուգա... չեմ հիշեր Եվրոպայի ո՛ր քաղաքեն։ Պոլիս հասնելուն հետևյալ օրը, առավոտուն կանուխ կելնե կը հագվի, կը շքվի և ուղղակի Պատրիարքարան կերթա և դիվանատունը կը մտնե։ Քաղաքավարական և հարգական ձևերով ու շարժումներով կը բարևե դիվանատան պաշտոնյան, այսինքն այն ձևերն ու շարժումներն կը գործածե, զորս մենք ալ կը գործածենք, երբ առանց ստակի գործ մը կարգադրելու համար Պատրիարքարան դիմենք, ազգային գործոց վրա, դաստիարակության խնդրույն վրա մեկ երկու պզտիկ հարցումներ ուղղելեն ետքը կաղաչե պաշտոնեին, որ մեկ կողմը հայերեն և մյուս կողմը ֆրանսերեն դրված ազնվականության վկայագիր մը տրվի իրեն։

Պաշտոնյան քթին տակեն քիչ մը խնդալեն ետքը կը պատասխանե.