Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեղք ստակներուն, մեղք այն խեղճերուն աշխատության, որ ձրի աշխատեցան հոն։

— Ի՞նչ կա.

— Ատանկ հիվանdանո՞ց կըլլա, աղբար, անիկա կատարյալ հիվանդարան մէ, հիվանդ լինելու համար աղեկ ֆաբրիգա մ՛է։

— Իրա՞վ կըսես, եղբայր։

— Ի՞նչ պետք ունիմ սուտ խոսելու, հիվանդներու հատկացված հարկն այնքան ցած, այնքան խոնավ է, որ մարդս կը բորբոսի։ Երանի թե չերթայի, չտեսնեի, չլայի... պարապ բան է, պարապ, մենք մարդ ըլլալիք չունինք։

— Ի՞նչ նյութի վրա կը խոսիք կոր, բարեկամներ, կը հարցնե ազգային մը։

— Օրվան խնդրույն վրա, կը պատասխանե բարեկամդ, որ կը շարունակե յուր խոսակցությունն ազգայինի հետ։

— Օրվան խնդիրն այժմ հիվանդանոցն է. ամեն տեղ անոր վրա կը խոսվի։

— Այո՛։

— Ես ալ գացի այսօր դժբախտաբար և սա համոզումը գոյացուցի, թէ մեր ազգն տակավին հիվանդանոց ունենալու, հիվանդներ ունենալու արժանի չէ։

— Ո՞ր հարկն այցելեցիք։

— Վարժարանն. Աստված վարժարան ընե... ախոռ կը նմանի, աշակերտներն անբանացնելու, անասնացնելու հարմար տեղ մը, մութ, խավար, մեզ և մալախուղ կը տիրեն հոն. գրասեղանները ցած, աշակերտաց կուրծքի և սրտի հիվանդություն տալու հարմար գրասեղաններ, պատուհանները հազիվ մատի վրա կը համրվին, ապականյալ օդ մը հիմակվնե կը թագավորե հոն. դասարանները զզվելի, ճեմիշները գարշելի, ո՛չ ճաշակ կա, ո՜չ վարպետություն, մե՜ղք, մե՜ղք տրված ոսկիներուն։

— Իրավունք ունիք, սիրելիս, իրավունք ունիք, ի՜նչ ըսեմ այն հոգաբարձության, որ ազգին ոսկիները մսխեց ասանկ։

— Զիս ալ կ՝ընդունի՞ք մեջերնիդ, կը հարցնի ազգային մ՝որ նոր կը մտնե։

— Հրամմեցե՜ք։

— Շնորհակալ եմ, ո՜ւֆ, շատ հոգնեցա։

— Ո՞ւր գնացիք։

— Այսօր ո՞ւր կ՝երթցվի, հայտնի է, հիվանդանոցի բացման հանդեսը կատարվեցավ։