Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարոյականը կապականե, և մանավանդ կը հորդորե ազգայիններն, որ իրենց հիվանդներն ու անառակ զավակներն հոն չղրկեն։

Վերջապես յուրաքանչյուր լրագիր յուր դիտողություններն կը հայտնե և կը վիրավորե անշուշտ հոգաբարձության սիրտը։

Արդ, այս ամենուն առաջքն առնելու համար կառաջարկենք հիվանդանոցի հոգաբարձության ի ժողով հրավիրել.

Ա. — Բոլոր երկրաչափները,
Բ. — Բոլոր ճարտարապետները,
Գ. — Բոլոր դասատուները,
Դ. — Բոլոր բժիշկները,
Ե. — Բոլոր կենդանաբույծները,
Բ․ — Բոլոր խենդերը,
Է. — Բոլոր անդամալուծները,
Ը․ — Բոլոր անառակները,
Թ. — Բոլոր երկրագործները,
Ժ. — Բոլոր աստղագետները,

Եվ իրենց հայտնելե հետո գումարն այն դրամին, զոր հատկացուցած է հիվանդանոցի շինության՝ հանձնարարել իրենց՝ որ ծրագիր մը պատրաստեն ու իրեն ներկայացնեն։

Այս ծրագիրն ընդունելեն հետո մատուցանել զայն Ազգային ժողովո սա պայմանավ, որ օրակարգին մեջ չմտնե, որովհետև անգամ մը հոն մտավ, դյուրությամբ չկրնար դուրս ելնել — վավերացումն խնդրել։ Վավերագիրն ձեռք անցունելեն հետո գործի ձեռնարկել։ Հոս ալ դժվարություններ կան։ Բոլոր խեղճ վարժապետներն, անկյալ գրագիրներն ու խմբագիրներն, որք այս կամ այն լրագրին մեջ կը գովաբանեին հիվանդանոցի հոգաբարձության անդամներն, այս շինության մեջ պաշտոն պիտի ուզեն։ Չտրվեցավ. հետևյալ օրը լրագրի մը մեջ կարդալու է. «Ստույգ և արժանահավատ աղբյուրե մեզ հաղորդված տեղեկությանց նայելով՝ հիվանդանոցի շինության հաշվոց մեջ զեղծումներ գործվելու վրա են. պատվարժան հոգաբարձության ուշադրությունը կը հրավիրենք»։ Պատվարժան հոգաբարձությունը գործին վերահասու կըլլա և մեկ քանիին կուտա պաշտոն։ Ասով ալ չլմննար, անկյալ ազնվականաց և հարուստներու բավական տղաքներ կան Կ. Պոլիս, անոնց ալ մեյ մեկ գործ տալու Է։ Աղերսագիր աղերսագրի վրա, հանձնարարագիր հանձնարարագրի վրա։

Կաղաչեմ, սա խեղճին գործ մը տուր։