Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պատրաստվե նայինք, Քաղաքական ժողովո անգամ ըլլալու։

— Ո՜ւֆ, դարձյալ ազգին ծառայություն մատուցանելու է։ Սամաթիացին ալ ասոնք լսելով՝ Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, նորեն պատրաստվելու է կըսե։

Եպիսկոպոսներն ալ արդի վիճակին բոլորովին անտարբեր չեն. այս օրերս ավելի ընթերցասեր կըլլան և լրագրաց գրասենյակները երթալով կըսեն.

— Մեծապատիվ էֆենտի, ձեր թերթը շատ կը սիրեմ, որչափ ալ ազատ կը գրեր, կը փափագեի երեք տարվան համար բաժանորդ գրվիլ ձեզի։

— Շատ աղեկ, հա՛յր։

— Կը խնդրեմ, որ ընկալագիրն այս իրիկուն անպատճառ ղրկեք, նամանավանդ թերթը, որպեսզի ձեր ընտիր հոդվածները կարդալու հաճույքեն չզրկվիմ։

— Գլխուս վրա։

— Կարծեմ խմբագրական ասպարեզը շատ նեղություններ ունի:

— Այո՛, սրբազան։

— Քանի անգամներ ըսած եմ սուրբ հարց, որ խմբագիրները քաջալերելու ենք, մանավանդ ձեր թերթին համար, հիմա երեսդ ի վեր զրուցել չըլլա, շատ աղեկ կը գրեք։

— Ատիկա ձեր սրբազնության մեր վրա ունցած համակրութենեն հառաջ կուգա։

— Ամենևին, ես շիտակը զրուցող մարդ մեմ։

— Շնորհակալ եմ։

— Օրհնած, իրա՞վ է, որ սրբազան Պատրիարքը հրաժարականը ետ չառներ կոր:

— Իրավ է։

— Ո՞վ պիտի դնենք Պատրիարք, արժանավոր եպիսկոպոս չունինք։

— Ես ձեր սրբազնությունը ընտրելի պիտի ցցունեմ։

— Աստված չընե, ես անարժան եմ, իմ ձեռքես չգար.․․ խոսքի բռնվելով սա ընկալագիրները գրելու չմոռնանք... ես չեմ կրնար պատրիարքություն ընել, բայց շատերն ալ քեզի պես կըսեն, թե կրնամ։

— Այո՛, սրբազան, պատրիարքության արժանի ձեզմե ուրիշ մեկը չկա, և այլն, և այլն, և այլն։

Սակայն ուշիմ և հայրենասեր հայն, անոր հետ նաև ազգային սնտուկն, երբեք չեն ուզեր ընդունիլ սրբազան Պատրիարք հոր հրաժարականն,