Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգն ավելի աղքատներ պատրաստելու տրամադիր է, քան թե աղքատությունն բառնալու։ Շատ գավառաց մեջ ընկերություններ կան, որ աղքատներուն հագուստ, ածուխ և ամսական կուտան, ինչպես նաև հիվանդ աղքատներուն բժշկի և դեզի ծախքը կը հոգան։ Այս ընկերություններն դպրոցի հոգաբարձություններեն ավելի ժողովրդական համակրություն կը վայելեն։ Ժղովուրդը նվերներով և կտակներով կը քաջալերն աղքատախնամ ընկերություններն և խիստ քիչ կարևորություն կուտա վարժարանաց։ Եղած է, տարի մառաջ, որ վարժարանի մը հոգարարձության անդամներն աղքատախնամ ընկերության մանդամոց առաջարկած են օգնել քիչ մը... քաղաքին վարժարանին, որ տխուր վիճակի մեջ կը գտնվեր։

— Մեր նպատակն 1 աղքատներ խնամել, պատասխաներ են։

— Եթե վարժարանն այս ընթացքով շարունակվի` աղքատներ միայն դուրս պիտի հանե։

— Այն աղքատները մեզի ղրկեցե՜ք, որ հագուստ շինենք իրենց։

— Այսինքն աղքատներ հասցնենք ու ձեզի ղրկենք։

— Ընկերությունս չկրնար նպատակեն շեղիլ:

— Բայց, օր պիտի գա, ուր աղքատներն այնքան պիտի շատնան, որ ընկերության դրամն չպիտի բավե զանոնք խնամելու։

— Ընկերությանս նպատակը աղքատներու ածուխ տալ Է և ոչ թե դաստիարակություն։

Այս ընկերությանց և հիվանդանոց կառուցողներուն ոչ ինչ պիտի ըսեինք, եթե քանի մը հարուստներ միանային և իրենց նվերներովն միայն դրամ հավաքելով աղքատախնամ ընկերություններ կազմեին կամ իրենց քսակեն հիվանդանոցի մը ծախքը հոգային. բայց քանի որ այդ ընկերություններն և այդ հիվանդանոցներն հարուստ ազգայնոց նվերներովն ու կտակներովն կը հարստանան, քանի որ մահվան դուռն հասնողներն ավելի աղքատները կը հիշեն քան թե դաստիարակության խնդիրը, առանց վարանելու կըսենք, թե այդ հիվանդանոցներուն ու ընկերությանց գոյությունն ոչ թե ծիծաղելի է, այլ նաև վնասաբեր ազգին ապագային։

Ծիծաղելի է ըսինք, և արդարև ի՞նչ կա՝ ավելի ծիծաղաշարժ այն մարդեն, որ յուր օրական պարենն հայթայթելու անկարող աջ և ահյակ ողորմություն կուտա... անոթիի մը մարդասիրությունը․․․