Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և եթե անհատի մը համար ծիծաղելի է այս, տարակույս չկա, թե ազգի մը համար ողբալի է։

Վնասաբեր է ըսինք աղգին ապագային, և զայս հաստատելու համար ապացույցներու պետք չունինք, ըստ որում, ամեն օր կը տեսնենք, թե բոլոր նվերներն և կտակներն միշտ դեպի աղքատախնամ հաստատությունները կուղղվին։

Այս տողերեն չհասկցվի սակայն, թե մենք գթության ու մարդասիրության դեմ կը խոսինք, քավ լիցի․ մեր միտքն է հասկցնել, թե մեր ազգն տակավին չէ հասած այն աստիճանին, որ կարող ատահական ցավոց համար մշտնջենական ծախուց դուռ բանալու և մանավանդ այդ ծախքերն հոգալու այն նվերներով ու կտակներով, որ կրնային օգնել աղքատության բարձման. մեր ազգն մարդասեր ըլլալեն առաջ աղքատ չըլլալու պարտավոր է։

Ի՞նչ ընելու է աղքատ հիվանդները։

Ամեն թաղ, ամեն քաղաք խնամելու է յուր աղքատ հիվանդներն. անմիջական հանգանակությամբք մխիթարելու ենք զանոնք, հիվանդախնամ տիկիններեն ընկերություններ կազմելու ենք զանոնք խնամելու համար, մեր սենյակներեն մին քանի մը շաբաթվան համար խնայելու չենք աղքատի մը, և այս եղանակավ բնավ դժբախտություն չենք ունենար կարդալու պաշտոնական ծանուցում մոր կը հայտնե, թե հիվանդանոցի դռներն փակված են աղքատ հիվանդներու։

Ցավոք կըսենք, թե աղքատությունն ամեն տեղ տիրած է մեր ազգին վարժարանաց և արհեստանոցներու պետք ունինք զայն ջնջելու համար, և եթե այս մասին դանդաղինք՝ քանի մը տարիեն քսան հիվանդանոց իսկ քիչ պիտի գա ազգին տնանկ հիվանդներն տանելու։ Հիվանդությունը չջնջվիր, բայց աղքատությունը կը բարձվի։ Ժամ է ուրեմն, որ հիվանդանոցի պատվարժան հոգաբարձությունն յուր ուշադրությունն դարձնե սուրբ Փրկչի վարժարանին և արհեստանոցին վրա, և գավառաց մեջ գտնվող աղքատախնամ ընկերություններն ալ օգնեն իրենց վարժարանաց հառաջադիմությանը համար, հիշելով, թե տգիտությունն հիվանդությանց սոսկալին է և թշվառությանց ողորմելին։ Ողորմեցե՛ք տգետներուն։


ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՀԱՅՀՈՅՈԻԹՅՈԻՆ

Ազգին մեջ տակավին չեն պակսիր դժբախտաբար հրապարակախոսներ, որք կը շարունակեն կարծելու, թե լիրբ, գող, անառակ,