Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շունշանորդի, երեկ չըսի՞ քեզի, որ պիտի սատկիս քանի մամսեն։

— Կաղաչեմ, ձեր ջանքերն սպառեցե՛ք, որ խալսիմ։

— Ձեր հոգին պիտի ելնե քիչ ատենեն։

— Կորսվե՛ սըկից, անպիտան։

Կը վռնտես զիս, որովհետև ճշմարտության լեզուն խիստ է, որովհետև շահախնդիր բժիշկ չեմ, որովհետև քեզի ծառայություն մատուցանել կուզեմ... Բայց դուք տնով տեղով այսպես եք, ամենքդ ալ լիրբ, գող, անբարոյական և անառակ եք..․ դուք շողոմարարներ կը փնտրեք, որ շողոքորթեն զձեզ, ես շողոքորթ չեմ, իշու կտոր, ես ճշմարտախոս եմ և անոր համար իմ խոսքերս քիչ մը կը դպչին, ես քեզ սիրելուս համար կըսեմ, թե քանի մամսեն անդիի աշխարհ պիտի երթաս, անպիտան։

Սակայն այս բժիշկն այդ հրապարակախոսն երու քով մեծ առավելություն ունի գոնե սա տեսակետով, որ նա չափազանց ճշմարտախոսությամբն երեք ամիսեն մեռնելիք հիվանդն երեք օրեն կը մեռցնե, մինչդեռ ասոնք շատ անգամ չեն խղճար իսկ վերադրել ազգին անանկ ախտեր, զորս չունի։ Օրինակի համար, նույն իսկ օտարներեն հավատարիմ ճանչցված ազգին համար դող է, կըսեն և չեն հաճիր օր մը ոստիկանության դուռն երթալ և արձանագրություններեն ստուգել, թե ո՛ր ազգին մեջ դողերը շատ են, չեն բարեհաճիր վաճառականության ատենին տոմարներն աչքե անցնել տեսնելու համար, թե ո՛ր ազգին մեջ ավելի տեղի կունենան խարդախյալ սնանկություններ։ Անբարոյական է, կըսեն, և ինքյանք իսկ չեն հավատար, որովհետև շատ լավ գիտեն, թե բարուց ապականությունն մեր ազգին մեջ այնքան հառաջադիմություն չէ ըրած, որքան ուրիշ ազգաց մեջ։ Եվ սակայն այդ պարոններն իրենց հայհոյությունն — իրենց համար ազատախոսությունն — արդարացնելու համար ամեն օր նոր մոլություններ կը դարբնեն և ազգին կընծայեն։

Բայց այս ազգն բնավ մոլություն չունի՞։

Ո՞վ կըսե թե չունի, ո՞ր լրագիրն ըսած է, թե ազգն առաքինության կատարը հասած է, և ինչպե՞ս կարելի է, որ ազգ մը զերծ ըլլա մոլություններե։

Առանց ստորաբաժանմանց մեջ մտնելու, այս ազգն գլխավորաբար երկու թերություն ունի. ժամանակն ջնջած է անոր սիրտեն դյուցազնության ոգին և միջավայրն՝ ուր ապրած է, ստիպած է զինքն վաճառականության մեջ ետ մնալ և հետևապես, աղքատ