Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլա. և այս երկու մեծ թերություններեն կը բխին անտարբերություն ազգային գործոց մեջ, անկանոնություն վարչական մարմնոց մեջ, ընթերցասիրության պակասություն, անհոգություն պարտուց և իրավանց ճանաչման մեջ, եվրոպական հառաջագիմության հոսանքին մեջ քշված եզր մը գտնելու անփութություն, ամեն հոգմին առջև առագաստ բանալու անխոհեմություն, ամեն հողմերու համեմատ ուղղություն մունենալու անուղղություն և այլն, և այլն. բայց հայհոյությունն և զրպարտությունն շատ տկար են ուղղելու համար այս թերությունները։ Հրապարակախոսի մը պարտքն է ազգին վերքերն մատնանիշ ընելու ժամանակ ցույց տալ նաև անոնց դարմաններն, դարմաններ, որ ազգին կարողութենեն վեր չըլլանք Ազգայնոց ոմանց կողմե հափշտակված դրամներն ետ դարձնելու և իրենց բուն նպատակին ծառայեցնելու համար խոսիլ, առանց սակայն անմեղներն մասնակից ընելու գողության. ազգին համար անձնանվիրաբար աշխատող բարեսիրտ անձերուն սիրտը չվիրավորել և չստիպել զանոնք ազգային գործերեն քաշվելու։ Այս պարտավորություններն են, ահա, զորս հրապարակախոսներու վրա կը դնե ազգին այժմյան կացությունը։ Եվ լուրջ և վայելուչ կերպով հրատարակված դիտողություններն, հեռու արժանապատվություններ վիրավորելե, կրնան արդյունավորիլ և օգտակար ըլլալ։

— Բայց կուսակցություն մը կա ազգին մեջ, որ ազգին ամեն գործերն ըստ քմաց կը վարե և շատ անգամ ազգին կենսական շահերն կը մատնե. ասոնց ընթացքն անհանդուրժելի է։

— Իրավունք ունիք, բայց ի՞նչ պիտի ընենք, մեծամասնությունն այդ կուսակցության քովն է և սահմանադրությունն կը հրամայե մեզ, որ մեծամասնության որոշմամբ կործանինք։

— Ուրիշ կուսակցություն մը կազմելու է։

— Չեմ կարծեր, որ կազմվելիք ուրիշ կուսակցությունն այս կուսակցութենեն ավելի աղեկ գործե։ Օրհնյալ է Աստված, քսան և վեց տարիներն ի վեր քսան և վեց հազար կուսակցություն տեսանք, ամենն ալ տեղերնին մնան։ Ընդհանրապես տարբեր շահերն են, որ տարբեր կուսակցություններ կստեղծեն և ոչ թե տարբեր կարծիքներն, քանի որ մեր երեսփոխաններն տարբեր շահեր չունին, կրնան համաձայնություն գոյացնել իրենց կարծյաց մեջ, ջնջել ամեն կուսակցություն և ստեղծել միայն մեկ կուսակցություն, որ նպատակ ունենա միայն ազգին շահն։

— Այս ազգը չես ճանչնար դուն, մեռած է այս ազգը, մեռած։