Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Փառք Աստուծո, սա ծխախոտդ տուր։

— Հրամմեցե՛ք, ազգային ի՞նչ լուր ունիս նայինք։

— Ինչո՞ւս պետք իմին ազգային լուր, սա կրակը տո՛ւր։

— Հրամմերե՛ք, հա՛յր, ի՞նչպես ժամանակ կ՝անցունեք կոր նայինք։

— Ի՞նչպես պիտի ըլլա, վարդապետ մը ի՞նչպես կյանք կրնա անցունել, ծանոթներուս տունը կ՝երթամ, կերակուրս բարեկամներուս տունը կ՝ուտեմ, ցերեկները կը քնանամ, գիշերները կը քնանամ․.. սա տեղ ճաշարան կա նե ինձի կերակուր ապսպրեիք։

— Գլխուս վրա, տղա՛, գնա՛ վարպետին ըսե, որ վարդապետին կերակուր բերե։ Թաղին վարժարանը ինչպես կերթա կոր։

— Իրավ որ հարցուցած չունիմ, հարցնելու ժամանակ ալ չունիմ։ Սա ծխախոտդ տայիր... սա անցնողները ո՞վ են։

— Չեմ ճանշնար։

— Շնորհալի ընտանիքի մը կը նմանին կոր, տղան ալ ի՞նչ սիրուն է։

— Հրամմեցե՛ք, հա՛յր, կերակուրը բերի։

— Ծո տղա՛, աս խորովածին քանի՞ ղուրուշ կ՝առնեք։

— Չորս ղուրուշ, հա՜յր։

— Գնա՛, թշվառական, վարդապետներուն համար չէ ա՛, ես ստակ մը չեմ տար, վաղը հայրդ մեռնելու ըլլա նե կը թաղեմ, ես ալ ան ատեն ստակ չեմ ուզեր։

— Ի՞նչ կըսեք, վարդա՛պետ։

— Գործդ գնա՛, ես գիտեմ ըսածս, սըկե շիշ մը գինի բեր։

— Շատ աղեկ, կը բերեմ։

— Հայր Խիկար, չըսե՞ք, ազգային գործերուն վրայոք ի՞նչ կարծիք ունիք։

— Մոռցանք ըսելու տղուն, որ քիչ մը բիլավ բերե։

— Կըսենք, ազգային գործերն ի՞նչպես կերթան կոր։

— Բիլավն ալ ցերեկ ատեն ծանր չնստիք մի յա՜. մաքարոնին ավելի աղեկ է կարծեմ, բժիշկներն ալ խրատ կուտան, որ մաքարոնի ուտենք։

— Ուզածդ բերել կուտանք։ Երեսփոխանակ ժողովին կերթա՞ք երբեմն։

— Ծո տղա՛, լաքերտայով գինին ի՞նչ աղվոր կերթա կոր, դիտե՞ս, անցյալ գիշեր Հայիմեն առի կես օխա, սակայն պատվական բան էր։

— Այո՛, աղեկ կուտվի. Կրոնական ժողովն ի՞նչ ջուրի վրա է։