Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեռու զինքն շրջապատող ազգաց ազդեցութենե։ Տարակույս չկա, թե աստիճանաբար պիտի հառաջադիմեինք, կապիկի պես մեր ամեն տեսածին նմանելու հիմարությունն պիտի չունենայինք, ոչ ալ այս տողերն գրելու հարկն պիտի զգայինք, եթե կղղիացյալ վայրի մը մեջ ապրեինք. և մեր կարծիքն այժմ ավելի իրավունք ունի իրականության, որովհետև միայն եվրոպական զեղծումներն յուր վրա պատկերացնելու սկսող ազգի մը, ո՛չ վաճառականության մեջ, ո՛չ արհեստից մեջ, ո՛չ գիտությանց մեջ, ո՜չ գրականության մեջ այլոց հետ մրցելու անկարող ազգի մը, օր ըստ օրե աղքատության մեջ հյուծող և սպառող ժողովրդյան մը կյանք տալու վրա է խնդիրը։ Շաբաթ չանցնիր, որ Պատրիարքարանն պաշտոնական ծանուցմամբ չհրավիրե ազգն այս ինչ անուն ազգայինին ո՜ւր կամ մեռա՜ծ կամ ո՜ղջ ըլլալն իրեն իմացնելու, օր չանցընիր, որ Ամերիկայի կամ Ռումանիո մեջ կամ այլուր շատ մ՜ազգայնոց խեղճության մեջ գտնվիլն և օգնություն հայցելն չհրատարակեն լրագիրը։ Ասիո գավառներեն եկած և հրատարակված նամակներն կը պատմեն այն կողմի ազգայնոց վիճակն, զոր առանց արտասուք թափելու անհնար է նկարագրել։ Եվրոպիո մեջ օր ըստ օրե փճանալու վրա ենք։ Ի բաց առյալ քանի մը քաղաքներ ուր հայությունն, թեև միշտ նվազ հարուստ նույն քաղաքին ուրիշ ազգերեն, հանգիստ կյանք կը վարե, իսկ ուրիշ ամեն տեղ օր քան զօր թշվառանալու վրա Է։ Արդ, ինչպես կը տեսնվի, հիվանդ մը բժշկելու և ապրեցնելու վրա ենք այսօր, անոթի Չապրեցնելու, մերկ մը հագվեցնելու պետք ունինք. ի՞նչ տանք այս մարդուն, հա՞ց թե ձեռնոց, վարտի՞ք թե անգղիական գրականություն։

Ի՞նչ ընենք ուրեմն։

Այնպիսի կրթություն մը տանք մեր ազգային մանկավույն, որ համաձայն ըլլա մեր ազգին արդի կացության պահանջմունք։ Մեր վիճակը շատ տարբեր է Ֆրանսայի, Գերմանիայի և Անգղիայի Վիճակեն, հետևապես անոնց ուսմանց ծրագիրներն նույնությամբ չենք կարող ընդունիլ. որովհետև, անոնք կուշտ են և կրնան ճաշակի վերաբերյալ ուսումներ ավանդել, անոնք կը քալեն և կրնան պարել, անոնք հզոր են և կրնան իրարու հետ մրցիլ գիտությանդ և գեղարվեստից մեջ, անոնք ուրախ են կրնան երգել, մենք օգակարագունին հետևելու վիճակին մեջ կը գտնվինք. հիշենք աստ, թե մեր խոսքն ազգին միջին աստիճանի և աղքատ զավակաց կը վերաբերի, հարուստ ազգայիններն կարող են իրենց զավակներն