Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տոմսերեն գնենք։ Շահավոր վիճակահանություն կը պոռա, առիթը մի՛ փախցնեք, կ՝ըսե ու կոկորդը կը պատռե խեղճը, եթե կուզես մի՛ առներ, վիճակահանությունը քաշվելեն ետքը կսկսի ողբալ։

«Մեր ազգը շատ ետ մնացած է վիճակահանության տոմսակներ դնելու մեջ. օտարները միշտ կը վասակին հարյուրին միլիոն, մինչդեռ մեր ազգն կերթա անօգուտ բաներու համար կը մսխե յուր դրամն։ Ա՜հ, եթե մեր անկեղծ հրավերներն ընդունելություն գտնեին, աղքատությունը կծիկը կը դներ մեր մեջեն, ամեն ազգային կը փութար յուր պարտքն վճարել և հարստությունը կամաց կամաց արմատ կը բռներ մեր ազգին մեջ... ափսո՛ս, մեր կարծիքն մտիկ չեն ըներ, և այլն»։

Փափագելի էր, որ վերջ գտնեին այս եթեներն և լրագրությունն օգտակարագունին միայն հրավիրեր ժողովուրդն՝ աշխատելով հանելու անոր մտքեն ինչ որ ավելորդ է, ինչ որ զարդ է, ինչ որ անօգուտ է և, քիչ ժամանակի համար, նաև ինչ որ գեղեցիկ է:

Ներումն կը խնդրեմ, ո՜ գեղեցիկ տիկիններ։


ԳԻՏՈԻԹՅՈԻՆԸ ՄԱՆԿԱՑՆԵԼ

Տեսակ մը մանկավարժներու շնորհիվ աշխարհ քիչ ատենեն պատիվ պիտի ունենա տեսնելու հինգ տարեկան փաստաբաններ, բժիշկներ, բնագետներ, երկրաչափներ, քիմիագետներ, աշխարհագետներ, հինգ տարեկան տղաքներե կազմված հանձնաժողովներ, ազգային ժողովներ, երեսփոխանություն և այլն. հինգ տարեկան տղայոց մեջ պիտի տեսնենք իշխաններ, դիվանագետներ, և ո՞վ գիտե տակավին ինչեր տեսնելու բարեբախտությունն պիտի ունենանք։ Աշխարհ հառաջադիմության ճամբուն մեջ հսկայաքայլ հառաջ կերթա, այնպես որ նորածին երեխաներն պիտի սկսին աշխարհ մտնելնուն պես — ասոր ֆրանսերենը Նորայրի բառարանին մեջ փնտրեցեք, — իրենց մայրենի լեզուն արդեն ուսած պիտի ըլլան, ինչպես նաև թվաբանություն և այլն։

Գուցե ոմանք թերահավատին մեր այս գուշակությանը վրա. սակայն մեր փույթը չէ, մեր՝ որ սովորություն ունինք իրողությանց վրա խոսելու։

Առիթ ունեցանք օր մը հույն գրավաճառի մը խանութը գտնվելու և ընթերցարան մաչքե անցունելու։ Այս ընթերցարանին առաջին գլխույն մեջ հայր մը կը խոսեր յուր հինգ տարեկան