Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տղուն հետ. ի՞նչ նյութի վրա կը խոսեր, շաքարի՞, թե խաղալիքի վրա. ո՛չ, ո՛չ, աշխարհագրության վրա։ Հայրն կը բացատրեր տղուն երկրիս կլորությունը, մեր բնակած գունտին տեղե մը կախված չըլլալն և քաշողական զորությամբ միջոցի մեջ կենալն ու դառնալն, մարդոց ինչու համար վար չիյնալն, լուսնույն և աստղերուն մեզմե ո՞րչափ հեռու ըլլալն և այլն, և այլն։

Երկրորդ գլխույն մեջ նույն հայրն նորեն կը խոսեր յուր տղուն հետ մարմնակազմության վրա, ջղային դրությունը կը բացատրեր տղուն հասկնալի լեզվով։ Երրորդ գլխույն մեջ ալճեպրայի երկրորդ հավասարությունը կը սորվեցներ միշտ տղուն հպելի եղանակով։ Չորրորդ. գլխուն մեջ դրական փիլիսոփայություն կուսուցաներ մանկավարժական նորագույն դրությանց համեմատ և տղուն ըմբռնելի լեզվով։ Մեկդի դրի գիրքը և դուրս ելա գրատունեն սա տպավորությամբ, թե միայն մեր ազգին մեջ չէ, որ մանկավարժներ կը պակսին։

Բժիշկ մը կար, որ առտվնե մինչև իրիկուն ասդին կը վազեր, անդին կը վազեր հիվանդ փնտրելու համար և չէր կրնար գտնել։ Օր մելավ այս մարդն և լրագրաց մեջ ծանուցում մը հրատարակեց, հայտնելով, թե յուր մասնագիտությունն էր տղայոց հիվանդություններ դարմանել։ Քանի մը շաբթվան մեջ յուր անունն տարածվեցավ ազգայնոց մեջ. սկսավ կանչվիլ շատ տուներեն ուր կերթար և դարմանած տղան կը մեռցուներ և մինչև այսօր ալ կը մեռցունե. ծնողք չեն մեղադրեր բժիշկն, որ մասնագետ է. կը մեղադրեն միշտ հիվանդությունն, որ կրցեր է դեմ դնել մասնագետ բժշկի ամեն ջանից... հիվանդությունն վտանգավոր է եղեր։ Կերևի թե մանկավարժներեն ոմանք ալ այս բժշկին պես կընեն, երբ գործ չունենան՝ մասնագետ կըլլան... մասնագետք անգործության...

Ըստ կարծյաց աշխարհի, տարիք մը կա, ուր մինչև որ չհասնի տղա մը՝ չկրնար ըմբռնել ո՛չ քաշողական զորությունն, ոչ ջղային դրությունն, ո՛չ ալ դրական փիլիսոփայությունն և որպես թե գերմանական գրության հետևելով հինգ տարեկան տղաները Գողգոթա տանելն ոճրագործությանց սոսկալին է, և իբր այն այդ տեսակ մանկավարժները դատապարտության արժանի են։ Եթե իշխանություն ունենայի՝ կը կախեի այդ կարգի մանկավարժները։

Տարակույս չկա, թե մենք նպատակ չունինք հոս մանկավարժության վրա հրահանգներ տալ, միայն զգացնել կուզենք, թե մեր մեջ ալ չեն պակսիր ի պետս տղայոց ընթերցարաններ, որոնց