Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալով մեր մարմնույն՝ կը նպատակե զմեզ անճանաչ վիճակի մեջ դնել և այնպես ներկայացնել ահեղ դատավորին։

Ամեն ամեն ասեմ ձեզ, երկայնակեցությունն պարզապես ժամավաճառություն է, ոչ միայն ՄԱՐԱԽ ԹԵ ՄԱՐՈԻԽԻ համար այլ նաև Մշակի համար, որ յուր կարծիքներն արդյունավոր գործելու հավատքն ունի — ո՜վ անհավատություն — ոչ միայն Մշակի համար, այլ նաև անոնց համար, որ իրավամբ նեղսիրտ են քիչ մը և ժամ առաջ հասնիլ կուզեն հոն՝ ուր հրավիրված են։ Մահն է բուն երկայնակեցությունն, այսինքն մարդս ժամ առաջ մեռնելու է, որ չմեռնի... մահն է անմահությունը... ամեն օր մեյ մեկ կտոր մեռնելու մեջ ի՞նչ հաճույք կա։ Չեմ հասկնար ես և հասկցնող մալ գտած չեմ տակավին:

Ժամանակն գերի ըրած է զմեզ և մասնավորապես կիներն, որ նորա զրկանքներն դարմանելու նպատակավ ծիծաղաշարժ միջոցներու կը դիմեն։ Խեղճ կիներն, մանավանդ անոնք, որ քառասուն գարուն տեսնելու դժբախտությունն ունեցած են, իրենց մազերուն նախնական գույնը պահելու համար օրը քառասուն ներկարար կը փոխեն, իրենց երեսին թարմությունն չկորուսնելու համար նպարավաճառաց քով յուղ չեն ձգեր և իրենց կորուսած ակռաներուն պակասը լեցնելու համար իրենց էրկանը ակռաները քաշել կուտան, իրենց միսերու կորուստը հարուստները բամպակով և աղքատները չոր խոտով կը դարմանեն։ Խեղճ կանայք, ժամանակին ձեռքը խաղալիք դարձած են և սակայն հարյուր քսան տարի ալ եթե ապրին՝ ամեն նոր տարվո առթիվ այցելուներուն կիսեն. Մեր ի տանէ քումմէ մի՛ պակասեսցի զոր ճաշակի մեջ Տելեմաքա նոր թարգմանիչը կրնա փոխել և ըսել քումմէ պակասեսցի ծեր տաճէ մի ի:

Չեմ ուզեր մանրամասնել 1886 ի գործած չարիքներն

Եվ սակայն մարդիկ արտաքո կարգի էակներ են, ապրիլ կուզեն դժբախտությանց մեջ, ցավոց մեջ, տառապանաց մեջ, դժոխոց մեջ իսկ։ Սակավք են, որ ինձ համամիտ են և ինձի հետ կիսեն «Աստված շատ քաշել չտա»։ Նույնիսկ այն կրոնավորն, որ հոգվո գոյությունն հաստատելն առաջ հոգվո անմահությունն կը հաստատե, այս ցավոց աշխարհն արքայութենեն վեր կը դասե։

Տարվույն առաջին օրն ամենուրեք խնդություն կը տիրե. նվերներ, հարգանքներ, բարեմաղթություններ, ծնրադրություններ, համբույրներ և այլն կը փոխանակվին. երեկույթներ, խնճույքներ,