Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար ճերմակին բացի ճերմակեն և ընթերցողին պիտի թողուն որոշել ճշմարիտ գույնը, և այս՝ ընթերցողաց միտքը դատողության վարժեցնելու նպատակավ։ Պարզապես տեսական և գործնական դասագիրքի մը տեղ պիտի ծառայե։ Տարակույս չկա, թե լուրերն երբեմն դիտմամբ սխալ պիտի հրատարակեն (իբրև հրահանգ) որպեսզի ընթերցող աշակերտն ուղղե զանոնք։ Թող ներվի ուրեմն մեզ ըսել, թե այս ուղղությունն նոր չէ հիշյալ հանդեսին համար, որ քանի մը տարիներե հետե նույն ընթացքով կընթանար, ուստի, նորա այս տարվան դավանանքն յուր անցյալին միայն արդարացումն կը նկատե Խիկար:

Մասիսեն անմիջապես ետքը կը մտնե ճաշակն, որ «Առ այսու ազնիւ քաջալերութեամբք չմարթէր մեզ ապաքէն համարել ինչ զշշունջ տգիտութեան, զոր շշնջէին ոմանք, զանհանճար ընդվայրախօսութեանց ասեմ և զպարսաւագիր խծբծից, զորս ընթեռնլոյ իսկ արժանի առնել չէր մեզ ի դէպ, թող թէ պատասխանւոյ»։ Բացատրենք. ճաշակն ըսել կուզե, թե ne sutօr, ultra crepidam, ըստ այնմ, թե tot capita, tot sensus, և եթե nolite mittere margaritas ante porcus, ապա ուրեմն pestar lacque nel mortaio. իսկ այն պարագային մեջ ուր trahit sva quomque voluptas այն ատեն խնդիրը կը փոխվի և ճաշակն, որ pro domo sua է՝ կրնա մխիթարվիլ աղաղակելով և ասելով Video meliora proboque, deteriora sequor։ Այդ է ահա ճաշակին վերոգրյալ տողերուն իմաստը... Թույլ տուք մեռելոց թաղել զմեռյալս յուրյանց։

Խիկար շնորհավորել ով հանդերձ յուր պաշտոնակիցներն իրարու փոխանակած հարգալիր և սիրալիր բարեմաղթությանց համար, կը ցավի տեսնելով, թե անցյալ տարի ժողովուրդը միմիայն խեղաթյուրումներ, հաչաղանք, բծախնդրություններ, վայրահաջություններ, խծբծանք, ընդվայրախոսություններ և այլն կարդացած է ազգային լրագրաց մեջ։ Կը ցավի ըսելով՝ չկարծեք թե կը նստի և կուլա, քավ լիցի, այլ կը խնդա ու կը ծիծաղի։ Ուստի, Խիկար, որ յուր անաչառությամբն միայն սիրելի եղած է անոնց, որք կը քաջալերեն զինքն, կը բարեմաղթե, որ երկինք յուր շնորհաց աղբյուրը բանա ազգային լրագրաց գլխուն, իմաստություն պարգևե Արևելքին, նվազ չարասրտություն Մասիսի, առավել խղճմտանք Փունջի և առավել համբերություն ճաշակի, կաղոթե նաև, որ Աստված շատ քաշել չտա անոնց, մանավանդ Հայրենիքին, որ կարկտված տարվո դրան առջև կեցած՝ բաժանորդներեն բաժանորդագին կսպասե, որ ներս մտնե։