Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՜, ըրած է, այն բանը, որ երեկ անպատվություն կը համարեր, այսօր պատիվ կը համարե։ Բացատրենք. ասկից բավական տարիներ առաջ երբ մեկը սնանկանար՝ տունը կը նստեր, շաբաթներով կուլար, կողբար, կարծես Օսթրո-Օթթոման պանքային աքսիոններն ունի. ընտանիքն ալ ըսես նե սևեր կը հագներ, թաշկինակը ձեռքը առած անդադար կուլար. կարծես էրիկեն գլխարկ մը ուզեր ու չէ առնվեր։ Սենյակին վարագույրները կը քաշվեին, որպեսզի մարդու երես չտեսնեն, ո՜չ կուտեին, ո՜չ ալ կը խմեին — սպասավորներն աղեկ կուտեին կը խմեին — և երբ մեկը զիրենք տեսնելու երթար՝ մուկի պես ծակե ծակ կը փախչեին։

Ժամանակը այս իրարանցումը տեսնելով և սնանկացյալներուն ողբոց չկրնալով դիմանալ ըսավ.

— Մեղք է այս ընտանյաց, պետք է, որ սնանկության սահմանը ընդարձակվի, որպեսզի սնանկացյալը իրարու նայելով մխիթարվին։

Այս խոսքին վրայեն շատ միջոց չանցավ և սնանկությունը մասնավորեն ընդհանուրի հանգիլ սկսավ — և մեր տրամաբան Օրագիրն տակավին կը պնդե, որ մասնավորեն ընդհանուր չհետևիր — և օրիս մեկը շուկա գացած ատենդ փողոցը մեկը կելնե առջևդ — Իմացա՞ր.— Ի՞նչ կա. — Մարտիրոս սպային սենյակը գոցեր են — Ինչո՞ւ — Գործը ավրվեր է Խեղճ մարդ։ Քանի մը քայլ կառնես, ուրիշ մը կելնե դեմդ. — Լսեցի՞ր. — Ի՞նչ կա. — Կարապետ աղան սնանկացեր է. — Տէր Ողորմյա։ Ձախդ կը դառնաս բարեկամիդ մեկան կը հանդիպիս.— Վորո՞ւ մտքեն կանցներ.— Ի՞նչ կա.— Ստեփան աղան տալիքը չկրնար կոր տալ, տետրակները նետեր է. — Անոր գործը աղեկ է, կըսեին.— Անանկ կըսեին բայց չէ եղեր։ Ահա այսպես սնանկությունը աջ կողմեն ու ձախ կողմեն վաճառականներու ու սեղանավորներու վրա հարձակում ընելով՝ զանոնք նվաճեց և հաղթանակը տարավ. հաղթանակը տանելովը հրապարակի վրա թողուց սնանկացյալներու բանակ մը, որուն մեծ մասը մեռյալ ու փոքր մասը վիրավորյալ էր։

Սնանկացյալներն իրարու նայելով՝ սկսան մխիթարվիլ. առաջվան պես լաց, ողբ ու կոծ չկար, սնանկությունն յուր ստորութենեն բարձրացած էր, կերպով մը ազնվականացած էր, և միայն անոնց քով կը մեղադրվեր, որոնք սնանկության վրա գաղափար չունեին։

Սնանկության այս բարձր դիրքին մեջ սնանկացյալներն առանց քաշվելու ազատ համարձակ կը պտըտեին, ինձմե, քեզմե