Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՛նչ նյութի վրա հարկ է հրել—որ կարող ըլլա գոհացնել պահանջումներն... ժողովրդյան..․ քավ լեցի, դերձակին։ Ուստի, ածուխը ձեռքը կ՝առնե և կսկսի մրոտել, զո՞վ... այն ազգն, որ յուր ծոցին մեջ անոր նման զավակներ սնուցանելու դժբախտությունն ունի։ Չկրնար ո՛չ այս դարուն մեջ, ո՛չ անցյալ դարուց մեջ, ո՛չ ապագա դարուց մեջ գտնել մարդ մ՝որ հայ ըլլա և մատնիչ չըլլա։

Մուրը, կամ եթե չեք բարկանար, հոդվածը թերթին առաջին երեսը կը գրվի, հետևող հոգվածներն կը շարվին, թերթը կը հրատարակվի։

Քանի մօր ետքը խմբագիրը ցրվիչին․

— Ի՞նչ լուր թերթեն։

— Ժողովուրդը զայրացած է։

— Անպիտան, ալ չեմ հարցներ քեզի, վաստկեցա՞նք, թե կորսնցուցինք, կը պոռա մեր ապարտացին:

— Վաստկեցանք, շատ ծախվեցավ, բայց ժողովուրդը.․․

— Պապանձե՛... ժողովուրդը.․․ ժողովուրդը.․․ գնա սա դերձակ Պոխորին հաշիվը կարգադրե՛, չորս մեճիտ ու կես է պարտքերնիս, ժողովուրդը, — ժողովուրդը..․ հապա Պոխորը...

— Ձայն բազմաց, ձայն Աստուծո։

— Հապա Պոխորին ձա՞յնը, որ աշխարհ թնդացուր... նախ Պոխոր, ապա Աստված։ Նայե, որ մեկ մեճիտով լմնցնես։

— Կը դիտե՞ք... գոնե նախ Պոխոր ապա ժողովուրդ ըսեր․․․

Ցրվիչը կերթա Պոխորին գործը կարգադրել և խմբագիրն, որ սկսած էր այցելություններ ընդունիլ հանդիմանություններ լսելու համար, ինքզինքն կարդարացներ սա պատասխանով.

— էֆենտիմ, այս ժողովուրդը անզգա է. թմրած է, զարկ տալու է անոր, որ սթափվի:

— Եթե տասն և ութ, քսան տարեկան մեկու մը գրչեն ելներ անանկ հոդված մը՝ թերևս ներելի ըլլար, բայց ձեզի պես անձի մոր դեպի քառասուն կը վազե բոկոտն, բնավ ներելի չէ այդ ոճիրը։

— էֆենտիմ, այս ժողովուրդը անհոգ է, անտարբեր է, չզգար, զարկ տալու է, որ արթննա։

Պոխո՜ր, Պոխոր... դուն իսկ ես այն առաջնորդող հոդվածը։

Քանի մը շաբաթ կանցնի։ Ինչպես նաև այդ հոդվածին ըրած տպավորությունն: Խմբագիրն Ֆիկարոներն աչքե անցուցած ժամանակն հանկարծ կը տեսնե, որ կոշկակարն յուր դիմացը նստեր է։

— Ի՞նչ կուզեք։

— Եկա որ...