Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ աղեկ, շատ աղեկ, հիմա ատենը չէ։

— Պետք ունիմ սակայն։

— Երեք օրեն կուտամ։

— Եթե չտաք՝ ուրիշ կերպով կը վարվիմ ձեր հետ։ Մնաք բարով։

Եկուր ու առաջնորդող հոդված մի գրե նայիմ։

Խմբագիրն կստիպվի զարկ մալ տալ ժողովրդյան՝ որպեսզի կոշկակարը գոհացնե։

Եվ այս անգամ կը բարեհաճի առաջնորդող հոդվածի մը մեջ կրոնամոլ ու կեղծավոր անվանել մեր Ազգային վարչությունը։

— Ինչո՞ւ համար։

— Կոշկակարին հաշիվը մաքրելու համար:

— Ի՞նչ առթիվ։

— Կոշիկի առթիվ։

— Այդ հարձակումն ընելու համար ի՞նչ պատճառ ցույց կուտա։

— Սա պատճառը ցույց կուտա, թե Ազգային վարչությունը վկայական չէ տված այն դասատվաց, որ մեր ազգային Պատրիարքարանի իրավասությունը չեն ճանչնար։

— Աս ճաթելու բան է։

Թերթը կը տպվի։ Հրապարակ կելնե։ Վաճառումը գոհացուցիչ է։

— Եվ խմբագիրը կր տեսնե. որ բարի է, կոշկակարին հաշիվը կը մաքրե։

Դիտողություններն կսկսին։

— Տե՛ր խմբագիր, ինչո՞ւ ասանկ այլանդակ բաներ կը գրեք. այն դասատուներն, զորս ցույց տված էիք, չեն ընդունիր մեր Պատրիարքարանի վկայագիրն, երկու տարեկան տղա մ՛իսկ գիտե զայս, ուր մնաց ձեզի պես երեսուն և վեց տարեկան տղա մ՛որ խմբագրության սկսած է:

Խմբագիրն կը կրկնե միշտ յուր նաքարաթը.

— էֆենտիմ, այս ժողովուրդը անզգա է, թմրած է, անհոգ է, անտարբեր է, զարկ տալու է, զարկ։

Խմբագիրն կը գտնե նաև միամիտներ, որ իրեն կը պատասխանեն.

— Եթե զարկ տալու նպատակավ գրեցիր՝ կատարելապես իրավունք ունիս, մենք կարծեցինք, թե զարկ չտալու նպատակավ խմբագրեցիր այդ հոդվածը։

— Չէ՛, եղբայր, չէ, իմ նպատակն զարկ տալ է։