Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ աղեկ կը հագվեին, կը սգվեին, ինձմե, քեզմե շատ և բարձրաձայն կը խոսեին ընկերության մը մեջ, զանոնք մտիկ ընողները կ՛ըսեին.

— Շատ ո՛ւրախ ենք, որ սնանկությունը ընկերությանց մեջ բարձր տեղ մը բռնած է, այնքան ուրախ ենք, որ մենք անգամ սնանկանալու փափագ կ՛զգանք կոր։

Ո՞վ չուզեր բարձր դիրք մը բռնել. ուստի ամեն մարդ ըստ յուր կարողության սկսավ սնանկանալ։

Ժամանակն ասոնք տեսնելով ըսավ.

— Տղա՛ք, զարկ ըսինք նե մեռցուր չըսինք ա՛, դուք չափը անցուցիք։

Այս ըսելեն ետքը երբ համոզվեցավ Ժամանակն, որ այդ մարդիկ լիուլի իրավունք ունեին սնանկանալու — որովհետև վաճառականության օրինագիրքին մեջ սնանկանալ ուզողներուն համար արգելք մը չկա—հիմնավոր փաստերուն վրա կռթնեցավ ու սնանկությունն ավելի պատվավոր դիրքի մը վերածելով հետևյալ վճիռն արձակեց.

«Ավելի պատվավոր են անոնք, որ կը սնանկանան, քան թե անոնք, որ չեն սնանկանար»։

Այս վճիռն շատ օրինավոր է։ Բացատրենք, եթե առևտրական արդի վիճակն նկատողության առնվի պիտի տեսնենք, որ ծախսը շատ և հասույթը քիչ է, վնասն ալ խիստ շատ. և այս վիճակին մեջ սեղանավոր մը կամ վաճառական մը երբ բարի է, պատվավոր է, կը պարտավորի սնանկանալ և տետրակները հետևլով ըսել. «Տեսեք, այս վնասներուն ո՞վ կրնա դիմանալ»։ Բայց այն սեղանավորն կամ վաճառականն, որ այս վիճակին մեջ չսնանկանար, ըսել կ՝ըլլա՝ թե հափշտակությամբ, կամ գողությամբ—բացառությունները չմոռնանք — և կամ ուրիշ հակավաճառականական գործերով կրնա կոր դիմանալ և չսնանկանալ։ Քանի որ առևտրական արդի վիճակն անպատճառ սնանկություն կը պահանջե—երկու անգամ երկուքդ չորս կընեի պես ճշմարտություն մէ այս — ի՞նչպես կ՚ըլլա, որ մին սնանկանա և մյուսն ոչ։ Հայտնի է, որ մյուսը սնանկությունն անպատիվ համարելով՝ խաբեությամբ կ՝աշխատի, որ չսնանկանա։

Այս է ահա Ժամանակին տված վճռույն բացատրությունը. և եթե այդ վճիռը գործազրկվիլ սկսի՝ հարկ կ՝ըլլա սնանկացյալներուն տետրակները քննելու տեղ չսնանկացողներուն արարքները քննել և անոնց չսնանկանալուն պատճաոները փնտրել. սնանկացյալները