Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասանց մեկ համառոտ թվումն կը կազմեն՝ բավական պարզ են և դյուրըմբռնելի, ցույց տալու համար, թե ինչ կը նշանակե զարկ տալը:

Քնացող մարդու մը ոսկորներն ջարդ ու բուրդ ընել փայտի հարվածներով, հաշմել անոր անդամներն և ապա ըսել, թե «Արթնցնելու համար ըրի» ամեն բերանի գործ չէ։

Փափագելի էր ուրեմն, որ տապանաբարձ լերան մեջ բնակող մեր լեռնաբնակ ազնիվ ավազակապետը բարեհաճեր շնորհ ըներ նվազ վայրենությամբ հարձակիլ յուր ազգին վրա ու չմերկացնել զայն բոլոր հարստություններեն ի նպաստ յուր կոշկակարին, դերձակին ու հացագործին, որոց համար կրնա ներկայացում մը կամ պարահանդես մը տալ...


ԱՊՐԻԼ ՄԵԿ

Նախնիք ապրիլին առաջին օրը զիրար խաբելու սովորությունն ունեին — որովհետև ամեն օր զիրար խաբելու սկզբունքն ընդունված չէր այն ատեն — ուստի, նույն օրն միայն զիրար խաբելու կը զոհեին։ Նախնյաց այս սովորությունն ունինք նաև մենք — թեպետև անոնց բարի սովորություններն մեկդի թողած ենք — ուստի, Ապրիլին առաջին օրն մենք ալ զիրար խաբելու կաշխատինք։

Գաբրիել աղան միտքը դրած էր այս տարի խաբել յուր սափրիչն։

Ապրիլին առաջին օրն կը ներկայանա անոր.

— Բարև, Մարգար աղա։

— Աստծու բարին, Գաբրիել աղա։

— Ձեռքդ գործ ունի՞ս։

— Չունիմ, ի՞նչ կա։

— Տիմոթեոս աղային տզրուկ փակցունելու պիտի երթաս։

— Շատ աղեկ։

— Հիմա գնա՜, կուզես նե, որովհետև կսպասե կոր։

— Հիմա կերթամ։

— Հարուստ մարդ է, նայե որ քանի մը ղուրուշ ավելի փըրցանես։

— Շնորհակալ եմ։

— Ուրիշ սափրիչ մը պիտի ղրկեի, վերջը ըսի ինքիրենս, ու թո՜ղ մեր Մարգար աղան վաստկի։