Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեծապես շնորհակալ եմ, շաբաթ մը կա, որ մարդ ածիլած չունիմ։ Փարասզութենե ամեն մարդ մուրուք թող կուտա կոր։

— Մնաք բարով։

Մարգար աղան յուր դյուցազն տզրուկներեն քսան հատ կընտրե, սրվակի մը մեջ կը դնե զանոնք, կը հագվի և Տիմոթեոս աղային տունը կերթա։

Տիմոթեոս աղան արյունոտ և գիրուկ մարդ մԷ վաթսուն տարու։ Յուր եկամուտներովը կապրի։ Գիշերներն ուշ կը պառկի, առավոտներն ուշ կարթննա։ Քաղաքական և ազգային գործոց մեջ չմտներ բնավ։ Անհոգ մարդ մէ։ Առավոտները քանի մը թուղթ Սաղմոս կը կարդա, հետո նարկիլեն կը խմե և հետո ճաշ կընե ու տնեն դուրս կելլա տամա խաղալու համար իրեն հասակակից մեկու մը հետ, զոր կը բարկացնե խաղի մեջ, զվարճանալու համար։

Տիմոթեոս աղան անկողինեն նոր ելած, գիշերվան զգեստով պատուհանին աոջև նստած յուր Սաղմոսը կը կարդար, երբ Մարգար աղան՝ տզրուկի դիցազնաց բանակն ծոցը՝ ներս մտավ սենյակեն։

— Բարև, Տիմոթեոս աղա։

— Աստծու բարին, Մարգար աղա։

— Ի՞նչպես եք, աղե՞կ եք։

— Սանկ, նանկ։

— Բազմոցի վրա՞ նստելու սովորություն ունիք, չէ նե աթոռի վրա:

— Բազմոցի վրա հանգիստ կընեմ ես։

— Ինձի համար միևնույն բանն է, հա բազմոցի վրա նստեր եք, հա՛ աթոռի վրա, միայն թե աթոռի վրա ավելի հանգիստ կընեք, աֆ կընեք ամա ըսածիս, դուք ձեր քեյֆը նայեցե՞ք, կամքը ձերն է։

Մարգար աղան Տիմոթեոս աղային կը մոտենա, անոր գիշերազգեստն ու շապիկը վեր առնելու։

— Ի՞նչ կնե՛ք, Մարգար աղա։

— Մեր պարտքն է։

— Թո՛ղ տուր շապիկս։

— Կաղաչեմ, թո՛ղ տվեք, ի՞նչ վնաս ունի, գործս ի՞նչ է, Տեր ողորմյա։

— Ինչո՞ւ վեր կ՝առնես շապիկս։

— Ճանըմ, շապիկի վրայեն կ՝ըլլա՞։