Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը հանդիպիս իրեն ու կը հարցնես։

— Ի՞նչ եղավ, որ կարծիքդ փոխեցիր:

— Քավ լիցի, ես կարծիքս չեմ փոխեր, և մեկու մը չեմ ներեր, որ այդ նախատինքն ընե ինձ։

— Ոտանավորիդ մեջ դատապարտեր ես զիս։

— Ոտանավորն ուրիշ ճյուղ է, արձակն ուրիշ, բանաստեղծ ըլլալու եք, որ գիտնաք։

— Բայց զարկավ ինձի այդ մարդը։

— Ո՞վ կը պնդե հակառակը. բայց ոտանավորի մեջ չզարնելն ավելի դյուրություն ընծայեց վանկերուն և հանգերուն, փափկություն մը, քաղցր ներդաշնակություն մը տվավ քերթվածին. մինչդեռ եթե զարկավի վրա ոտանավոր մը գրեի, շատ պաղ պիտի երթար։

— Անամ, պապամ, թող ոտանավոր մը պակաս ըլլար։ Ասկից զատ, գեշ մարդ ըսելու տեղ, աղեկ մարդ ըսած ես, գովեր ես ալ այդ անպիտանը։

— Գեշն մեկ վանկ է, աղեկն երկու, և ինձի երկու վանկով բառ պետք էր։ Ա՜հ, պուետ ըլլալու եք, որ այս նրբությունները հասկնաք։

— Չեմ հասկնար։

— էֆենտիմ, ղեկ բառին հետ հանգ չկազմեր էշը, աղեկ բառը անհրաժեշտ էր հոն։

— Թող նույնահանգ չըլլար այդ ոտանավորն ու ճշմարտություն ըլլար։

— Ոտանավորի մը մեջ ճշմարտությունեն ավելի վանկ ու հանգ կը փնտրվին

— Ճշմարտությունն ո՞ւր փնտրելու է ուրեմն...

— Այդ տարբեր խնդիր է։

— Հասկցա, մնաք բարով։

Եթե չեք հավատար, փորձեցե՛ք։ Հարցուցե՛ք երեսփոխանի մը, թե ի՜նչ է յուր կարծիքն այս ինչ խնդրո վրա։

Ժողովը չմտած կարծիք մը պիտի հայտնե և ժողովո մեջ այդ կարծյաց հակառակ կարծիք պիտի հայտնե։

Լուսավորյալ դարուս մեջ խնդրո մը վրա մեկ կարծիքն բավական չէ՛, աղքատություն է, իսկ շատ կարծիքներ հարստություն կ՝ենթադրեն։

Օր պիտի գա, ուր Ընդհանուր ժողովո ատենապետն խնդրո մը վրա երեսփոխանաց կարծիքներն ժողվելու համար պիտի ըսե.