Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խնդիրը քվեի կը դնեմ, ուստի հաճեցեք հայտնել։
Ա. Ձեր անհատական կարծիքն,
Բ. Ձեր պաշտոնական կարծիքն,
Գ. Ձեր բերանացի կարծիքն,
Դ. Ձեր գրավոր կարծիքն,
Ե. Ձեր արձակ կարծիքն,
Զ. Ձեր ոտանավոր կարծիքն։
Եվ ձայնից մեծամասնությամբ պիտի տրվի որոշումն։
Արդյոք մեր նախնիք ալ ասա՞նկ կին։
Արդյոք մեր թոռներն ալ ասա՞նկ պիտի ըլլան։


ՀԱՆՎԻՆՔ, ՀԱՆՎԻՆՔ

Հնչեց վերջապես հանվելու ժամն, որուն անհամբեր կսպասեին բազում ցավագարներ, ախտաժետներ, անդամալոյծներ, վատուժներ, այսահարներ, արք և կանայք, ծերք և տղայք։

Բայց մի՛, տյարք իմ և տիկնայք, պճնասիրության կատարը բարձրանալե հետո մեկեն ի մեկ մերկանանք և նետվինք Պոսիդոնի գիրկը։

Պոսիդոն վստահելի աստված մը չէ, աստվածներուն ամենեն փոփոխամիտն է։

Պոսիդոն աստվածներուն ամենեն խայտառակն է։

Կանխահոգ զգուշություններ ձեռք առնելու է մտնալեն առաջ ծոցն այս աստվածին, որ չկարծեք թե միայն ճշմարտությունը մերկ տեսնելով կը շատանա, այս աստվածն սոսկալի հակակրություն ունի հագուստ վաճառողներու դեմ։

Ես ալ կը փափագիմ Թեդիսի անկողինը մտնել ահիվ և երկյուղիվ, զովանալ, դողալ, հիանալ, սքանչանալ և բնության ամենեն գեղեցիկ հրաշակերտը վայելել, մեկ խոսքով ես ալ կը սիրեմ ծովը։

Մանավանդ կուզեմ դիտել ծովն, բայց ոչ ծովեզերյա անտառի մը կանաչագեղ ծառոց հովանույն տակ ու ծաղկավետ մարգագետնի վրա ընկողմանյալ, այլ կուզեմ ծովեզերքը բարձրանալ լոռուտ ապառաժներու կույտի մը ստվերին ներքև խիճերու վրա պառկած և ժայռի մը վրա գլուխս հանգչեցուցած։ Չեմ սիրեր ծովուն դաշտացումն, ոչ ալ կախորժիմ անոր հեղուկ և հեղհեղուկ լեռներեն։

Հաճելի է ինձ երբ հեզասյուգ զեփյուռն մեղմիկ փչելով ալյակներե փոքրիկ ակոսներ կը գործե, որք, դանդաղ ի գիլ առ իս կուգան և խիճերու մեջ մտնելով կը դդչին ոտներս կը խտղտեն։