Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հրամմեցե՛ք, Եվսեբիոս աղա, հրամմեցե՜ք, Եվսեբիոս աղային օթյակ մը բացե՜ք, լավ օթյակ մը, լայն օթյակ մը։

Եվսեբիոս աղան կը մտնե օթյակը։

— Եվսեբիոս աղային վարտիք մը տվեք, լայն վարտիք մը։

— Ես ղենջակ ունիմ։

— Ղենջակը պարապ բան Է, վարտիք հագե՜ք, որ հանգիստ ըլլաք։

— Ամոթ չէ՞, իմ տարիքիս...

— Ամոթն ի՞նչ ըսել Է, աս ալ նոր կը լսենք կոր։

Եվսեբիոս աղան կարճ վարտիքով կը ներկայանա հանդիսականաց։

Օթյակեն կ՝ելնե չելներ, դիտողությունները կ՛սկսին.

— Աս ի՞նչ կսկլոր մարդ Է։

— Գոմեշ կը նմանի։

— Սըվոր թևերը նայե՛։

— Հապա ծոծրակը, մեր թավլինի չափ կա։

Եվսեբիոս աղան, որ կը լսե, բայց չլսելու կը զարնե այս դիտողությունները՝ կամաց կամաց կը մոտենա լոգարանի սանդուխին, մեկ, երկու, երեք աստիճան կիջնա, չորրորդ աստիճանին կանդ կառնե։

Քաջալերական խոսքեր կսկսին ուղղվիլ իրեն․

— Եվսեբիոս աղա, մի՛ վախնար, մտի՜ր։

— Եվսեբիոս աղա, նախ գլուխդ խոթե, վերջը ոտքերդ։

— Գլուխով ի՞նչպես քալե մարդը.․․

— Մեկեն ի մեկ նետվե՛։

— Վերեն վար ցատկե՛։

— Վարեն վեր ցատկե՛.

— Քովընտի նետվե՜։

— Դուն ինձի մտիկ ըրե՜, Եվսեբիոս աղա, կռնակիդ վրա նետվե՜։

— Ատոնք պարապ խոսքեր են, Եվսեբիոս աղա, գլուխդ թրջե՜ ու կամաց կամաց մտի՛ր։

Եվսեբիոս աղա բնավ չպատասխաներ այս ուղերձներուն, մերթ ընդ մերթ մեկ ոտքովը ջուրը քիչ կը քերե և նորեն ետ կը քաշե։

— Մտի՜ր, Եվսեբիոս աղա, եթե պիտի մտնես, հիվանդ պիտի ըլլաս։

— Ինչո՞ւ կը վախնաս կոր, մա՜րդ, չե՞ս խպնիր, տղա՞ ես...