Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանտերեն հանել ու չսնանկացյալները բանտերու մեջ լեցունել։

Խոսքերնիս ո՞ւր պիտի բերեինք։

Ժամանակն ինչեր կընե, ըսիր ու...

Հա՛, միտքս եկավ. ահավասիկ Ժամանակը, որ ժամանակով սնանկությունն մեր աչքին իբրև ահարկու ոճիր մը ցցուցած էր, ահավասիկ նույն Ժամանակն այսօր նույն սնանկությունն կը կոկե, կը գեղեցկացնե, կազնվացնե, կընդհանրացնե և իբրև բարեգործական ձեռնարկություն մը կը ներկայացնե մեր աչքին առջև։ Ո՞վ գիտե, վաղը մյուս օր ալ թերևս անանկությունն ամենուս համար ստիպողական ընե։

— Ի՞նչ կըսես։

Ժամանակի հետ կատակի կելլաս կոր... ան թշվառականն ամեն բան կընե, անոր Ժամանակ կըսեն։


ՀԱՐՍՏԱՀԱՐՈԻԹՅՈԻՆՔ

Շաբաթ չանցնիր, որ Հայաստանեն ցավալի լուրեր չառնվին, շաբաթ չանցնիր, որ հայ սիրտերն ցավոք և տրտմությամբ չլենան։

Հինգշաբթի օրվան Լրագիրը կը ծանուցանե, որ «Կարինեն դրված նամակ մը¹ կըսե, թե Մշո ազգայինք վերջապես հուսահատելով քյուրտերոմե երեսե կրած հարստահարություններեն, խմբովին մահմետականության դիմելու մտադիր են եղեր»։

Չենք ուզեր Մշո հարստահարյալ ազգայնոց սիրտն վիրավորել, բայց կը հարցունենք, թե քյուրտերն իրենց զարկած միջոցին իրենք ձեռվընին կապած կը նստի՞ն, ինչո՞ւ համար այդ հարստահարիչ քյուրտերը բռնելով տեղական կառավարության չեն հանձներ, և ամեն օր երկու տարեկան տղու մը պես լալով կը պոռան, թե մեզի կը հարստահարեն. թաքրիր գրեցե՜ք Բ. Դուռը², եթե ասանկ երթա՝ ուրիշ տեղ պիտի գաղթենք, կամ կրոնքնիս ուրանալով մահմետական պիտի ըլլանք և այլն և այլն։

Ամո՛թ, ամո՛թ, բյուր ամոթ մեր Հայաստանցի եղբարց, որ հարստահարութենե ազատելու համար մահմետական ըլլալ կը մտաբերեն, իբր թե՝ բարեխնամ կառավարությունը հաթթերով քրիստոնեից զրկանքե և հարստահարութենե ազատիլը չպատվիրեր, իբր թե՝ բարեխնամ կառավարությունն մահմետականաց