Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հա, հա, հա, հա․..

— Թո թո թո հաֆ դուք եք...

Պաշտոնական քահ քահ մը կը թնդացնե բաղնիքը։

Եվսեբիոս աղան դողալով դողդողալով կելնե ավազանեն և կապավինի յուր օթյակը։

Բաղնեպանը կը կանչե.

— Ի՞նշ խայտառակություն է աս։

— Ի՞նչ եղավ, բա՞ն մը եղավ, ըսե՛, ոտքդ պագնեմ։

— Հոս չէի՞ր դուն։

— Հոս էի... արժանապատվությա՞նդ դպան, ըսե՛ որ վրեժդ լուծեմ... ես չեմ ուզեր, որ բաղնիքիս մեջ անկարգություն ըլլա, շահուս կը դպչի։

— Չիմացա՞ր եղածները։

— Իմացա, բայց վիրավորվելու բան մը չտեսա։

— Ետևես հրեցին ջուրի մեջ։

— Կատակ է անիկա, իրարու կընեն անանկ բաներ։

— Ավանակ ըսին։

— Ավանակները ջուրեն կը վախնան տե ատոր համար, ասոր մեջ բարկանալու բան չկա։

— Երեսս ջուր նետեցին։

— Ավազանի մեջ կըլլա ատանկ բաներ. նայե, հիմա կընե՞ն կոր։

— Այնչափ խնդացին վրաս։

— Վաղ անցիր, Աստվածդ սիրես, սիրտդ դող հանեցիր, ես ալ կարծեցի դպչելիք խոսք մը ըրեր են քեզի։

— Ըսել է որ ասոնք դպչելիք բաներ չեն։

— Ամենևին, ատանկ բան մը մտքեդ անգամ մի անցուներ, հեմ ուրիշին ալ մի՛ ըսեր, վրադ կը խնդան։

— Շնորհակալ եմ տված բացատրություններեդ. բայց ավելի աղեկ չըլլա՞ր, եթե հոս մարդ չգտնված ժամանակը գամ ու լվացվիմ։

— Մինակ չես ձանձրանար նե եկուր։

Եվսեբիոս աղան կը հագվի և կը մեկնի։ Այնուհետև կսկսի ամեն առավոտ կանուխ լվացվիլ։

Անցնինք այժմ կանանց կողմը։

Ծովն կանանց համար զբոսանք մ՝է։

Ծովն կանանց գեղեցկությանց ցուցահանդեսն է։ Հոն կանայք իրարու ցույց կուտան իրենց գեղեցկությունը։