Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Անուշ։ Հապա Մարտիկը, երկու տարի անգործ մնաց, պարապ պտըտեցավ, սիրտը դրավ խեղճ տղան ու երկու ամիս հիվանդ պառկելեն վերջը մեռավ ծաղիկ հասակին մեջ։ Ա՜խ, չեմ կրնար արտասուքս բռնել, երբ կը հիշեմ ան տղան։ Ճիեր թավասիեն չե՞ս առներ քիչ մը։

— Կառնեմ։ Կաղաչեմ, անոր խոսքը գոցե, սիրտս տակն ու վրա կըլլա։

— Ճիեր թավասըե՞ն։

— Չէ, Մարտիկեն, անկից ալ չեմ ախորժիր ա՛։

— Մարտիկե՞ն։

— Ճիեր թավասըեն, կը խենդենայի անոր համար երբեմն։

— Ճիեր թավասըի՞ն համար։

— Մարտիկին համար, շատ կը սիրեի։

— Մարտի՞ կը։

— Ճիեր թավասին։ Տեսքը միայն սկսած էր վնասել ինձի վերջերս։

— Ճիե՞ր թավաըին։

— Մարտիկին․ գեշություն, պատճառեց ինձի և հիմա խոսքը ըլլա նե սանկ գեշություն կզգամ։

— Մարտիկի՞ն խոսքը։

— Ճիեր թավասըին խոսքը․․․ ճիերս․․.

— Հրամեցե՛ք։

— Մարտիկս ըսել կուզեմ կոր։ Գեշություն կուգա չըսի՞ մի յա։

— Մարտի՞կը։

— Ճիերը, ճիերը․․․

— Մարտիկը ճիերին հետ կը շփոթենք կոր․ Մարտիկին խոսքը ընենք։ Մեղք եղավ ան տղուն․ թե որ գործ մը գտնվեր իրեն՝ կապրեր դեռ, չէր մեռներ։ Ամենքը մերժեցին զինքը, վա՜խ, յավրուս, վա՜խ, սև հողը գրկեց ու պառկեցավ։ Խեղճ Մարտիկ։ Կենդանություն։

— Անուշ։ Ողբացյալ Մարտիկ։ Կենացդ։

— Անուշ։ Մեռնելու տղա՞ էր։ Կենացդ։

— Անուշ։ Տասը հազարին մեջ անանկ տղա մը չելներ: Կենդանություն։

— Անուշ։ Բարիներուն կյանքը ընդհանրապես կարճ կըլլա։ Կենդանություն։

— Անուշ։ Ապրելու էր ան տղան. փայլուն ապագա մը պիտի ունենար։ Ձեր կենացը։